Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդհանուր առմամբ դրական է գնահատում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ այսօրվա հանդիպումը: Այս մասին նա հայտարարեց Վիեննայում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ:
«Չեմ կարող ասել, որ բանակցային գործընթացում տեղի է ունեցել ճեղքում, հեղափոխություն, ինչ-որ մի դարակազմիկ շրջադարձ կամ իրադարձություն, բայց շատ կարևոր է, որ սկսվել է մի գործընթաց, որը հնարավորություն է տալիս խոսել մեր օրակարգերի, պատկերացումների, խնդիրների մասին, խոսել այն գործընթացի մասին, ինչի մասին առիթ ունեցա հայտարարել Ստեփանակերտում և հետագայում արդեն իմ ասուլիսի ընթացքում: Այսօրվա հանդիպումը գնահատում եմ դրական: Հույս ունեմ, որ նախագահ Ալիևն էլ կգնահատի հանդիպումը դրական»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետն ընդգծեց, որ երբ ասում է հանդիպումը գնահատում է դրական, դա չի նշանակում հանդիպման կամ խոսակցության ընթացքում ինչ-որ մեկի հաղթանակ կամ ինչ-որ մեկի պարտություն: «Մինչև հիմա շատ ընդունված է եղել այդպիսի տրամաբանությամբ մոտենալ խոսակցություններին և փորձել գալ այն եզրակացության, թե հանդիպմանն ով հաղթեց և ով պարտվեց: Այս խոսակցության կարևոր առանձնահատկությունն այն է, որ խնդիր չի դրվում դուրս գալ և հայտարարել, թե ես հաղթեցի և դիմացինը պարտվեց: Սկսվել է խոսակցություն և այդտեղ բնականաբար կողմերից յուրաքանչյուրն ունի իր պատկերացումները: Այս կոնֆլիկտն ունի շատ խորը արմատներ և առաջին հերթին ամենակարևոր արձանագրումը պետք է լինի այն, որ մենք հասկանում ենք, որ պարզ իրավիճակի հետ գործ չունենք: Սա շատ լուրջ խնդիր է, շատ խորը պրոբլեմ է»,- հայտարարեց նա:
Փաշինյանը հավելեց, որ դեռ չգիտի, թե այսօրվա հանդիպման ու խոսակցության վերաբերյալ ինչպիսի գնահատական ունի Ադրբեջանի նախագահ Ալիևը: «Հույս ունեմ, որ մեր գնահատականները տեսանելիորեն և շոշափելիորեն իրարից չեն տարբերվի», - հայտարարեց նա: