Հավելավճարները ԶՈՒ-ում վերահաշվարկվում են, և դրանք հետայսու լինելու են ավելի սանդղակավորված, ավելի արդար։ Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ մեկնաբանելով Խաղաղապահ զորքերի զինծառայողների աշխատավարձերը կրճատելու վերաբերյալ խոսակցությունները:
Նա նշեց՝ խոսքը հավելավճարների մասին է:
«Առաջնահերթությունը տրվելու է մարտական ծառայությանը: Ի դեպ, այդ առիթով նշենք, որ նշված գումարը կապ չուներ մարտական ծառայության և առաքելությունների հետ։ Սանդղակավորումը ավելի արդար պետք է լինի։ Չմոռանանք նաև, որ հուլիս ամսից ԶՈւ-ի աշխատավարձերը լրիվ վերահաշվարկվելու են»,- նշեց Հովհաննիսյանը։
Հիշեցնենք, որ ԼՈւՐԵՐ.com ահազանգած ՊՆ խաղապահ զորքերի ներկայացուցիչները (անուններն իրենց խնդրանքով չենք հրապարակում) հայտնել էին, որ իրենց աշխատավարձը 20 000 դրամով կրճատվել է:
Նշենք, որ աշխատավարձերի կրճատման վերաբերյալ խոսակցություններ կային նաև 2 ամիս առաջ: Այդ ժամանակ անդրադառնալով դժգոհությանը՝ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարել էր․ «Զինված ուժերում զինծառայողների աշխատավարձերի նվազեցում չի պլանավորվում»: