«Ձեզ հայտնի է ԲՀԿ-ի դիրքորոշումը այդ և դրա հետ կապված բոլոր հարցերի վերաբերյալ: Երբ ներկայացվում էր ԱԺ-ում հաշվետվությունը, եղան բազմաթիվ ելույթներ մեր խմբակցության պատգամավորների կողմից, որոնք որ հայտնում էին մեր դիրքորոշումը: Ես ինքս հարցադրում հնչեցրեցի, թե ինչու նյութերը չեն գնում դատախազություն, հորդորեցի հետևանքների հետ կապված գործողություններ իրականացնել, որովհետև պարզապես դեկլարացիան, պարզապես նկարագիրը իրավիճակի մեզ անշուշտ չի գոհացնում, և, այո, մենք գտնում ենք, որ պետք է լինեն հետևանքներ»,- ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում, անդրադառնալով ՎՊ հաշվետվությանը և դրան հաջորդած զարգացումներին, ասել է ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանը: Նրա գնահատմամբ՝ կառավարությունը պետք է կոնկրետ թվերի և իրավական ձևակերպումների լեզվով արձագանքեր և պատասխաներ:
«Պատասխանատվության մուրճը պետք է կախված լինի ու շատ ժամանակ հարվածի նրանց, հատկապես պետական պաշտոնյաների գլխին, ովքեր որ իրենց թույլ են տալիս խախտումներ և չարաշահումներ»: Քանի որ, ըստ Տիգրան Ուրիխանյանի, խոսքը գնում է այն գումարների մասին, որոնք չեն բավականացնում մարդկանց դեղի և հացի:
ԲՀԿ մամլո խոսնակն անդրադարձել է նաև օֆշորային սկանդալին և այս առումով ասել. «Մենք բազմիցս ենք հանդիպել մի իրավիճակի, երբ կառավարության տարբեր ներկայացուցիչներ և կառավարության ղեկավարը չի հերքել տարբեր տեսակի մեղադրանքներ, կամ չի պատասխանել, արձագանքել տարբեր հարցադրումներին իրեն վերաբերող, կամ իր հետ առնչություն ունեցող, այստեղ ևս այլևս որևէ զարմանալու բան չեմ տեսնում: Կոնկրետ հարցի շուրջ, քանի որ այն գտնվում է իրավական հարթության մեջ, ես անձամբ ակնկալում եմ անաչառ և օբյեկտիվ քննություն ու համապատասխան եզրակացություն, որից հետո մենք կկարողանանք փաստերի հիման վրա մեր դիրքորոշումը հայտնել»:
Խոսելով մամուլում տեղ գտած այն հրապարակումների մասին, թե ԲՀԿ-ական երեք պատգամավորներ առաջիկայում կլքեն կուսակցությունը, Տիգրան Ուրիխանյանը նշել է, որ դրանք իրականությանը չեն համապատասխանում: Ինչ վերաբերում է դարձյալ տարածված այն տեղեկություններին, թե աշնանը սպասվում է կոալիցիոն նոր հուշագրի ստորագրում, որին կմասնակցի նաև ԲՀԿ-ն, կուսակցության մամլո խոսնակը նշել է. «Մենք չմտանք համապատասխան պահին համատեղ կառավարման մեջ, չկնքեցինք կոալիցիոն հուշագիր, որովհետև մեզ համար պաշտոնները, պետական կառավարման համակարգում՝ գործադիրում, տեղերը ոչ թե ինքնանպատակ են, այլ ՀՀ քաղաքացու կյանքում որակ փոխելու հնարավորություն: Եթե մենք չենք տեսնում այդ հնարավորությունը, չենք էլ քննարկում համատեղ կառավարման տարբերակները և հենց այդ իսկ պատճառով էլ չմտանք կոալիցիայի մեջ»:
«Տեղի է ունեցել դժբախտություն, նախ ես ուզում եմ ցավակցել բոլոր զոհվածների ընտանիքներին, ուզում եմ ցավակցել հենց մեղադրյալին, որովհետև դա դժբախտություն է նաև իր համար: Ակնհայտ է, որ մարդը չարամտորեն հանցագործություն չի իրականացրել, հայտնվել է դժբախտության մեջ, ընդ որում՝ կիզակետում, և պետք է համապատասխան վերաբերմունք դրսևորվեր և դրսևորվի»,- ասել է Տիգրան Ուրիխանյանը՝ խոսելով ՌԴ-ում հայ վարորդի նկատմամբ դրսևորած վերաբերմունքից: Նա հույս է հայտնել, որ նման դեպքերը այլևս չեն կրկնվի, և ՌԴ իրավապահ մարմինները պատշաճ վերաբերմունք կցուցաբերեն ՀՀ քաղաքացիների նկատմամբ:
Փայլակ Ֆահրադյան