Քառօրյա պատերազմից երեք տարի անց պատերազմի մասնակից  Դանիել Դավթյանն ասում է, որ անցյալի հուշերը չեն կարող մոռացվել:

ԼՈՒՐԵՐ.com- ի հետ զրույցում Դանիելն ասաց.

«Մենք որ հիշում ենք, որ մեր տղաները նահատակվեցին՝ ավելի ենք ուժեղանում: Զգոնությունը մեր մեջ է, և մենք պատրաստ ենք ամեն պահի՝ թեկուզ հաշմանդամ, հարկ եղած դեպքում գնալ կռիվ: Ես կարող եմ բոլոր տղաների անունից ասել, որ մենք միշտ պատրաստ ենք մեկնել Արցախի Հանրապետություն:

Ես համացանցով կարդացել եմ հող հանձնելու թեմաների մասին, բայց այն մարդիկ, ովքեր կտան մեր հողերը, հաստատ կարժանանան թուրքերի ճակատագրին. ով ուզում է լինի: Մեր տղաները հանուն այդ հողի են պառկած Եռաբլուրում: Մենք իրավունք չունենք  հող հանձնել, հակառակը՝ պետք է առաջ գնանք»:

Հարցին, թե արդյո՞ք պետության կողմից պատերազմում վիրավորված զինվորին անհրաժեշտ ուշադրություն է դարձվում, Դանիելը պատասխանեց՝

«Ես իմ անունից կարող եմ խոսել, որ ո՛չ նախարարության, ո՛չ կառավարության կողմից ոչ մի ուշադրություն չկա: 2016-ին ծրագիր կար, որ առաջին կարգի հաշմանդամ զինվորներին տուն պետք է տրամադրեին: Ես էլ էի դիմել, բայց էնքան ձգձգեցին, որ իմ կարգը փոխեցին 2-րդ և հանեցին ցուցակից»:

Դանիել Դավթյանը նշեց, որ մյուսներին  տրամադրված գումարն այնքան չնչին է եղել, որ դրանով հնարավոր չէր անգամ մեկ սենյականոց բնակարան գնել:

Ասպրամ ՓԱՐՍԱԴԱՆՅԱՆ