«Հրապարակ» թերթը գրում է.

«Բժշկական հաստատությունների կողմից հայտարարված հեմոդիալիզի պարագաների մրցույթներին ենթադրյալ միջամտության դեպքով հարուցված քրեական գործի շրջանակներում ակտիվ քննչական գործողություններ են կատարվում, եւ հարցաքննվողները ցուցմունքներ են տալիս առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի դեմ։ Մասնավորապես, այսօր գրել էինք, որ հարցաքննվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տնօրեն Արման Հովակիմյանը, որը նախաքննական մարմնին հայտնել է, թե ինքնագլուխ ոչինչ չի արել։

Մենք նաեւ տեղեկացանք, որ քրգործի շրջանակում հարացաքննվել եւ կրկին Արսեն Թորոսյանի դեմ ցուցմունք է տվել առողջապահության նախարարության նախկին աշխատակից Հարություն Հարությունյանը։ «Հրապարակ»-ի հետ զրույցում, սակայն, նա չցանկացավ մեկնաբանել տեղեկությունը․ «Եթե նախաքննությունը նպատակահարմար չի գտել պատասխանել ձեր հարցերին, էդ դեպքում ես առավել եւս չեմ կարող պատասխանել։ Գրեք, որ ես հրաժարվում եմ պատասխան տալուց»։

Հիշեցնենք, որ այս քրգործի շրջանակում ձերբակալվել են Պետական վերահսկողական ծառայության գնումների վերահսկողության վարչության պետ Սամվել Ադյանը եւ ՊՎԾ մեկ այլ աշխատակից՝ Գեւորգ Խաչատրյանը: Նաեւ «Զորաշեն» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Տարոն Ավետիսյանի կալանավորվել է։ Վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 38-308-րդ հոդվածի 3-րդ մասի (պաշտոնական լիազորությունների չարաշահմանն օժանդակելը) եւ 325-րդ հոդվածի 2-րդ մասի (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ փաստաթղթեր կեղծելը) հատկանիշներով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում