Երեկ` ապրիլի 2-ին, աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Արցախի ՊԲ հրամանատարի տեղակալ Սամվել Կարապետյանը՝ Օգանովսկին: Ըստ շրջանառվող լուրերի՝ ուշագրավ է այն, որ նա հրաժարական տվեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների արցախյան այցից հետո: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գոռ Գևորգյանը, ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում նշեց, որ ինքը Արցախի ՊԲ հրամանատարի տեղակալի հրաժարականը ոչ մի կերպ չի կապում իմքայլական պատգամավորների այցի հետ: 

«Կադրային խնդիրներ են, որոնք ինքնաբերաբար կարգավորվում են, ելնելով տվյալ իրավիճակից: Ես կարծում եմ, որ պետք չէ այդ իրադարձությունը կապել պատգամավորների խմբի՝ Արցախ կատարած այցի հետ»,- ասաց պատգամավորը:

Հարցին, թե կարո՞ղ է Սամվել Կարապետյանի հրաժարականը որևէ կերպ կապ ունենալ Մարտի 1-ի գործի հետ, որովհետև Արցախի ՊԲ հրամանատարի՝ արդեն նախկին տեղակալ Սամվել Կարապետյանը ևս հարցաքննվել էր Մարտի 1-ի դեպքերի հետ կապված, պատգամավորը պատասխանեց. «Չեմ կարող ասել, որովհետև նախաքննությանը ես առհասարակ ծանոթ չեմ, և եթե այդպիսի բան կա էլ՝ նախաքննությունը պետք է ապացուցի և, ըստ ապացույցների, կհասկանանք, թե ինչ իրավիճակ է»,- ասաց Գոռ Գևորգյանը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ իմքայլական պատգամավորները պաշտոնական այցով մեկնել էին Արցախի Հանրապետություն, հանդիպումներ ունեցել Արցախի նախագահ Բակո Սահակյանի, Արցախի ԱԺ պատգամավորների և մի շարք պաշտոնատար անձանց հետ` համատեղ աշխատանքների քննարկման նպատակով:

Սիլվի ՏԻԳՐԱՆՅԱՆ