Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում անցկացվող դատական նիստում մանրամասներ է ներկայացնում 2017 թվականի մարտի 31-ին տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ:ՀՀ վարչապետը, ով դատարանում հանդես է գալիս վկայի կարգավիճակով, նշեց, որ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին քարոզարշավի վերջին օրը վնասվել է «Ելք» դաշինքի շարժական շտաբը, գողացվել է դրոշը:
«2017 թվականի մարտի 31-ն էր, երեկոյան ժամերն էին, խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի վերջին օրն էր: Ինձ զանգում են և ասում, որ մեր շտաբի որոշ անդամների, մասնավորապես, Հայկ Սարգսյանի վրա հարձակում է եղել: Ասեմ, որ Հայկ Սարգսյանը մեր նախընտրական շտաբի պետն է եղել խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Մինչ դեպքը, երբ ես եղա շտաբում, տեսա, որ բազմաթիվ չբաժանված բուկլետներ կան, և խնդրեցի, որ Հայկը զբաղվի այդ հարցով: Երբ ասացին, որ Հայկի վրա հարձակում է եղել փորձեցի կապ հաստատել, սակայն չստացվեց: Հետո ինձ զանգեցին և պատմեցին միջադեպի մասին, ես էլ ասացի, որ այդ տարածքից հեռանան»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց, որ հեռախոսային խոսակցությունից հետո ուղևորվել է նախընտրական շտաբ: Այնտեղ շտաբի անդամները պատմել են միջադեպի մանրամասները: Ըստ դրանց՝ շտաբի անդամները շենքից դուրս են եկել բակ, ու տեսել են, որ շարժական շտաբի՝ ավտոմեքենայի, վրայի դրոշը բացակայում է, դրանից բացի, փակցված նկարի վրա ներկ է փչած եղել: Փորձել են ճշտել, թե ով է տարել դրոշը, այնտեղ գտնվող քաղաքացիներից մեկը նշել է, որ ինքն է դա արել:
«Ավելին, ասվել է՝ ի՞նչ իրավունք ունեք այդ դրոշն օգտագործել: Այդ ֆոնի վրա խոսակցություն է տեղի ունեցել, տղաները հետ են պահանջել դրոշը, որի ընթացքում դրոշը տանող քաղաքացին հարվածել է Հայկ Սարգսյանին: Մեր շտաբի անդամները միջամտել են, որ հետագա հարվածներ չլինեն: Այդ անձը հանել է զենքը պահել է Հայկի վրա, ներկաներից մեկն արագ արձագանքել է, հարվածել է այդ քաղաքացու ձեռքին և զենքը վերցրել: Ահազանգել ենք ոստիկանություն, պատմել ենք, թե ինչ է տեղի ունեցել: Սպասել ենք ոստիկանությունը գա և արձանագրի: Այդ ժամանակ ուղիղ եթեր եմ մտել, ցուցադրել եմ, թե ինչ է տեղի ունեցել շարժական շտաբի հետ: Հարձակումը տեղի է ունեցել Հարավ արևմտյան թաղամասի բակերից մեկում»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:
«Նախաքննությունից հետո հնարավոր է զանգ եղած լինի, դա պետք է ստուգվի, հաջորդ շփումը եղել է Հանրապետության հրապարակում: Նա իր աջակցությունն է հայտնել ոչ բռնի, թավշյա հեղափոխությանը»,-ավելացրեց Նիկոլ Փաշինյանը:Ամբաստանյալի պաշտպան Հայկ Ալումյանը հետաքրքրվեց, թե գործը քննած Սուրեն Նավոյանի հետ ի՞նչ կապ ունի Նիկոլ Փաշինյանը: Վերջինս նշեց, որ մինչ նախաքննությունը շփում չի ունեցել, նախաքննության ընթացքում նա հարցաքննել է իրեն:
Դատարանում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ով ունի վկայի կարգավիճակ: Նա դատական նիստում մանրամասներ է ներկայացնում 2017 թվականի մարտի 31-ին տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ: 2017թ մարտի 31-ին՝ ժամը 22:40-իսահմաններում Անդրանիկի փող 53 շենքի բակում տեղի է ունեցել միջադեպ քաղաքացի Արթուր Այվազյանի և «ԵԼՔ» դաշինքի անդամների միջև: