Վերջին 4 տարիվա ընթացքում Տեղական ինքնակառավարման ոլորտում փոփոխություններ են արվում: Այդ բարեփոխումներից մեկն էլ համայնքների խոշորացման գործընթացն է: Այս փոփոխությունների դրական և բացասական կողմերի մասին ԼՈՒՐԵՐ. com-ը զրուցել է Աժ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Հրանտ Այվազյանի հետ:
«Համայնքների խոշորացումն ունի և՛ դրական, և՛ բացասական կողմեր: Նախկինում, կարելի է ասել, պարտադրաբար որոշ համայնքներ խոշորացվել են անհասկանալի պատճառներով՝ ուղղակի հարմարեցնելով այս կամ այն համայնքապետին կամ համայնքին: Կարծում եմ՝ նման մեթոդներով չպետք է լինեն խոշորացումներ, պետք է լինեն լսումներ՝ հաշվի առնվեն բնակիչների կարծիքը: Մինչ դա, մարդկանց հստակ տեղեկացնենք խոշորացման առավելությունների ու թերությունների մասին: Նախկինում եղել են նաև պիլոտային ծրագրեր, բայց դրանք էլ արդյունավետ չեն եղել: Դրա համար տարբեր համայնքներում տեղեկացվածության պակասի պատճառով թյուրիմացություններ են լինում: Պետք է հետազոտություններ արվեն, հնարավոր է՝ համայնքներ լինեն, որ դեռ պատրաստ չեն խոշորացման: Հաճախ է լինում, որ բողոքի ձայն բարձրացնելու համար մարդիկ հարկ չեն վճարում: Համայնքներ կան, որ ընդհանուր սահման չունեն, բայց խոշորացվել են: Երբեմն սխալ փնջերով են խոշորացվել, երբեմն կենտրոնն է սխալ ընտրվել»:
Հարցին արդյո՞ք շարունակվելու են նման ծրագրեր և ո՞րն է խոշորացման գլխավոր նպատակը, ըստ իրեն՝ Այվազյանը պատասխանեց. «Կարծում եմ, որ պետք է շարունակվի: Ծրագրի գլխավոր նպատակը՝ արդյունավետ կառավարում, ֆինանսների տնտեսում, սակայն այստեղ էլ կան որոշակի խնդիրներ: Այդ կառավարիչները պատրաստ չեն ժողովրդավար մեթոդներով կառավարել: Առավելություն է, որ պարտադիր չէ, ենթադրենք՝ ամեն համայնք ունենա իր հաշվապահը: Նախկինում ավելի շատ հնարավորություն կար, որ գյուղերի երիտասարդները սկսեն գործունեություն ծավալել: Այս պարագայում, երբ աշխատակազմի թիվը քչանում է, այդ խթանը նվազում է»:
Պատգամավորը նշեց, որ նման փոփոխություններ անելուց առաջ պետք է խորապես ուսումնասիրել համայնքները, խուսափել նախկին սխալներից, որպիսի նոր խնդիրներ չառաջանան:
Ասպրամ ՓԱՐՍԱԴԱՆՅԱՆ