Համայնքների խոշորացումից բնակիչը բացասական որևէ ազդեցություն չի զգալու. նրա հասցեն, բնակավայրը մնալու են նույնը: Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանը համոզված է՝ համայնքների խոշորացումը միայն դրական ազդեցություն է ունենալու փոքր համայնքների վրա:
«Եթե համայնքների բնակիչները դեմ լինեն, համայնքների խոշորացում չենք անի: Խոշորացումը համայքների միացում չէ, այլ գյուղապետարանների ու քաղաքապետարանների միացում: Եթե փնջում կա յոթ գյուղ, կլինի մեկ գյուղապետարան, այլ ոչ թե յոթ: Բնակավայրերի անվանումները մնալու են նույնը, նրանք սովորական տեղեկանք ստանալու համար ստիպված չեն լինի կիլոմետրերով ճանապարհ անցնել. յուրաքանչյուր բնակավայրում ներկայացուցիչներ կլինեն: Եթե գյուղում կա մանկապարտեզ, այն չի փակվի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Աշոտ Գալոյանը:
Տեղական ինքնակառավարման վարչության պետը նշեց, որ բնակիչները դժգոհ են խոշորացումից, որովհետև ծրագրից տեղյակ չեն, իսկ գյուղապետերն իրենց հերթին աշխատանք են կորցնելու: «Եթե վեց գյուղերից մեկը դեմ լինի, կարող ենք և այդ գյուղի կարծիքը հաշվի չառնել: Բայց եթե բոլոր բնակիչները դեմ լինեն, մենք խոշորացում չենք անի»,-հավելեց նա:
Հայաստանում 2015 թվականի ընթացքում կիրականացվի համայնքների խոշորացման երեք պիլոտային ծրագիր, ՀՀ Լոռու մարզի Թումանյան, ՀՀ Սյունիքի մարզի Տաթև, ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան համայնքային փնջերում: Մասնավորապես, նախատեսվում է ընթացիկ տարվա մայիսի 17-ին ՀՀ Տավուշի մարզի Դիլիջանի, Հաղարծինի, Թեղուտի, Գոշի, Աղավնավանքի, Խաչարձանի, Հովքի համայնքներում, Լոռու մարզի Թումանյանի, Մարցի, Քարինջի, Լորուտի, Շամուտի, Աթանի, Ահնիձորի համայնքներում, Սյունիքի մարզի Շինուհայրի, Տաթևի, Հալիձորի, Հարժիսի, Սվարանցի, Խոտի, Տանձատափի, Քաշունիի համայնքներում անցկացնել տեղական հանրաքվեներ:
2011 թվականի նոյեմբերի 10-ին ՀՀ կառավարությունը հավանություն տվեց համայնքների խոշորացման և միջհամայնքային միավորումների ձևավորման հայեցակարգին: Այդպիսով, մեկնարկ տրվեց ՀՀ-ում վարչատարածքային բարեփոխումների, մասնավորապես, համայնքների խոշորացման գործընթացին: