Ապրիլի 2-ին՝ 2016-ի քառօրյա պատերազմի երրորդ տարելիցին, Արցախի պաշտպանական բանակի փոխնախարարի պաշտոնից հրաժարականի մասին է հայտարարել Արցախյան պատերազմի հերոսներից մեկը՝ Սամվել Կարապետյանը՝ Օգանովսկին: Իհարկե, նա իր հրաժարականի տեքստում ակնարկել է հրաժարականի օրվա ընտրության խորհուրդը: Նա բանակից հեռանալու մասին է հայտարարել այն օրը, երբ նրա գլխավորությամբ 26 տարի առաջ վնասազերծվել է Քարվաճառի ռազմակայանը:
Արցախում ռազմաքաղաքական ղեկավարության աղմկոտ հրաժարականների շքերթը սկսվեց Լևոն Մնացականյանի հրաժարականով, և շատերը դա դիտարկեցին իբրև ՊԲ հրամկազմը թուլացնելուն ուղղված քայլ: Ի՞նչ է իրականում կատարվում Արցախում և ինչո՞վ են պայմանավորված վերջին շրջանում արձանագրվող ռադիկալ փոփոխությունները: Իրականում ակնհայտ է, որ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո քաղաքական տրանֆորմացիաների ալիքը հասել է նաև Արցախ: Միևնույն ժամանակ, քաղաքական հատվածում այդ փոփոխությունները դեռ տեսանելի չեն և տրանսֆորմացվում են միայն զինված ուժերը, իսկ ավելի հստակ՝ բարձրաստիճան հրամկազմը: Արդյո՞ք այս փոփոխությունները բխում են Բակո Սահակյանի ցանկությունից՝ ազատվել պաշտոնական Երևանի համար անցանկալի դեմքերից, քանի որ նախկին հայաստանյան իշխող համակարգի հետ՝ հաշվի առնելով այն, որ այդ համակարգը Արցախի նախագահի՝ 2020 թվականի ընտրությունը դիտարկում է որոշակի քաղաքական ռևանշի հնարավորություն և նման փոփոխությունները միտված ռևանշիզմը կանխելուն: Դրա դիմաց հեռացող Սահակյանը Երևանից կարող է երաշխիքներ ստանալ, ինչու ոչ՝ նաև գալիք ընտրություններում իր թեկնածուին լավ աչքով նայելու վստահեցում:
Սակայն արդյո՞ք Սահակյանը այն ֆիգուրն է, ով կգնար նման քայլի, հասկանալով, թե ինչ է դրված խաղատախտակին: Արցախում ներքաղաքական անկայունությունը շատ վտանգավոր է, հաշվի առնելով պատերազմական վիճակն ու հակառակորդի կողմից Արցախում ցանկացած ցնցում որպես հարձակման համար լավագույն առիթ օգտագործելու հանգամանքը: Կա նաև մեկ այլ տեսակետ, որ բարձրաստիճան զինվորականները հեռանում են ինքնակամ, չցանկանալով դառնալ մեծ խաղի մի մաս: Արցախում ռազմական թևի թուլացումը կարող է քարտ-բլանշ լինել Բաքվի համար՝ նոր պատերազմ հրահրելու առումով: Այդ մասին այսօր խոսել է հենց ինքը՝ Լևոն Մնացականյանը, ով պատերազմի վերսկսումը համարել է գրեթե անխուսափելի սցենար: Մասնավորապես, կա տեսակետ, որ Նիկոլ Փաշինյանը Արցախի գեներալների դեմ արշավ է սկսել՝ Արցախի հարցում զիջումներ նախապատրաստելու նպատակով։ Այս տեսանկյունից բարձրաստիճան զինվորականների հեռանալը խորհրդանշական է, քանի որ վերջիններս պարզապես չեն ցանկանում պատմության դասագրքերում մնալ «հող հանձնողի» պիտակով...