ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց սեղմված բնական գազի ակցիզային հարկման նպատակով կիրառվող չափման միավորը խմ-ի փոխարեն կգ-ով հաշվելու մասին օրենքի նախագիծը: Կառավարության ներկայացրած Հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին նախագիծն ընդունվեց խորհրդարանի ապրիլի 9-ի նիստում:
ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը տեղեկացրեց, որ առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո նախագծի վերաբերյալ առաջարկներ չեն եղել: «Նախագծի կարգավորման առարկան վերաբերում է ակցիզային հարկով հարկման նպատակով սեղմված բնական գազի իրացման ծավալների հաշվառման, չափման միավորին: Գործող օրենսդրությամբ այդ չափման միավորը խմ-ն է, նախագծով առաջարկվում է անցում կատարել կիլոգրամի: Նախատեսվում է, որ օրենքն ամբողջությամբ ընդունվելու պարագայում կարգավորումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման օրը ներառող ամսվան հաջորդող ամսվա 1-ից»,-ասաց Պողոսյանը:
Նախագծին կողմ քվեարկեց 107 պատգամավոր, դեմ և ձեռնպահ ձայներ չկային: