«Արդեն լրանում է մեկ տարին, որ Հայաստանում գործադիր իշխանությունը մեկ ուժի ձեռքերում է և բազմաթիվ ռեֆորմներ, որ պիտի արվեն՝ ուշանում են»,-այս մասին Ազգային ժողովում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը` կառավարության գործընկերներին կոչ անելով արագացնել և կարևոր ռեֆորմները բերել խորհրդարան, այլապես հետագայում կարևոր ռեֆորմները առհասարակ չանելու վտանգ կա: Նրա խոսքով, այն հնարավորությունները, որնք այսօր կան մի շարք ռեֆորմներ իրականացնելու համար, ուշացման դեպքում հնարավոր է, օրինակ, մեկ տարուց՝ չլինեն:

«Չի կարելի ուշացնել: Մարուքյանի հեռախոսին կամ դուռը փակելուն հետևելու փոխարեն, պետք է աշխատել, իսկ իրենք ստացել են շատ մեծ վստահություն աշխատելու և ոչ թե մեզ վրա գոռգռալու համար»-ասաց Էդմոն Մարուքյանը:

Անդրադառնալով իրենց խմբակցության առաջարկած նախագծի մերժմանը, Մարուքյանն ասաց. «Ես սպասում եմ քննարկումներին, որպեսզի մեր նախագիծը նորից դարձնեմ քննարկման առարկա: Ես կարծում եմ, որ այն կառուցվածքը, որն այսօր կառավարությունն ունի, հիշեք այս օրը, դա երկար կյանք չի ունենալու, իրենք գալու են և կառուցվածքը հետ են փոխելու: Նախարարությունների կառուցվածքն այդպես չի աշխատելու»,-ասաց Էդմոն Մարուքյանը:

Նրա խոսքով` իշխանություն-ընդդիմություն լարվածությունը որ կա, պայմանավորված է նրանով, որ ընդդիմությունը շատ կոնկրետ առաջ է բերում հարցերը և խնդիրները: «Տպավորություն է, թե մենք պիտի լուռ լինեինք, եթե կոալիցիոն գործընկերներ ենք, պիտի սուս մնայինք: Տպավորություն կա, որ պիտի ոչ մի բան չարվի կամ սխալ բաներ արվի, և խորհրդարանական ընդդիմությունը լռի»,-եզրափակեց Էդմոն Մարուքյանը:

Սիլվի ՏԻԳՐԱՆՅԱՆ