Երևանի ավագանու նիստի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության անդամ Լևոն Զաքարյանն, անդրադառնալով «Կանազ»-ի մշակույթի տանը, նշեց, որ դեռևս 2017 թ․ հոկտեմբերին այն տրվել է անհատույց օգտագործման, անցել է մեկ տարուց ավելի, բայց արդյունք չկա: 

«Անցել է մեկ տարուց ավելի, սակայն պայմանագրերը, կարծեք թե, չեն կատարվում, ի՞նչ է նախատեսվում քաղաքապետարանի կողմից»,- հարց ուղղեց Զաքարյանը։

Պատասխանելով ավագանու անդամի հարցին՝ քաղաքապետարանի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանը նշեց, որ «Կանազ» մշակութային տան հետ կապված՝ այն անհատույց օգտագործման իրավունքով տրվել է կազմակերպությանը․ «Վերահոսկողությունն իրականացնում է աշխատակազմը, նաև համագործակցում ենք ավագանու անդամների հետ և դեռևս ամիսներ առաջ, երբ ժամկետը դեռ չէր լրացել, ավագանու անդամների հետ քննարկումներ ենք ունեցել։ Ավագանու անդամները հանդիպել են օգտագործողի հետ, տեղեկացրել են պայմանագրային պարտավորությունների կատարման մասին, այս պահին էլ դա մեր տիրույթում է: Օրենսդրությամբ սահմանված կարգով դրա վերաբերյալ մոտեցումը կարտահայտվի»,- նշեց նա:

Հիշեցնենք, որ դեռևս 2017 թ․ հոկտեմբերին «Արաբկիրի մշակութային կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը՝ «Կանազ»-ը, 10 տարով տրամադրվեց «Արվեստի այբուբեն» մշակութային հիմնադրամին, որը պատկանում է դերասան Հրանտ Թոխատյանին, Արման Թոխատյանին և պրոդյուսեր Արմեն Համբարձումյանին:

Այն ժամանակ Հրանտ Թոխատյանը ավագանու նիստի ժամանակ նշել էր, որ մեկ մլն դրամի ներդրում է նախատեսվում. «Թեև «Կանազ» մշակութային կենտրոնի շենքը դրսից բարվոք է երևում, սակայն ներսից այն ամբողջությամբ քանդված է և հիմնադրամը 10 տարվա ընթացքում փորձելու է 1 մլն դոլարին համարժեք դրամով վերանորոգել շենքը և այնտեղ հիմնել մանկական թատրոն»,- նշել էր Թոխատյանը: