Այսօր ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստից հետո ՌԴ Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանեց լրագրողների հարցերին: Այն դիտարկամանը՝ արդյո՞ք վերջին օրերին Ադրբեջանի կողմից Տավուշի հատվածում խաղաղ բնակչության ուղղությամբ կրակոցներն ահաբեկչություն չի որակվում և ինչպե՞ս է ՀԱՊԿ-ն արձագանքում դրան, Զատուլինը պատասխանել էր. «Եթե Հայաստանը՝ որպես ՀԱՊԿ անդամ, կարիք է տեսնում այդ հարցը դնել ՀԱՊԿ անդամ այլ երկրների առաջ, նա իրավունք ունի դա անել, բայց ես չեմ լսել, որ Հայաստանն այդ հարցը դնի: Դուք հիմա այն բարձրաձայնում եք, բայց պաշոնական Երևանն այդ հարցով ՀԱՊԿ չի դիմել»:

Թեմայի շուրջ ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցեց ռազմական փորձագետ Վան Համբարձումյանի հետ:

«Հայաստանի Հանրապետությունը ՀԱՊԿ անդամ է և եթե այդ անդամ պետություններից մեկում լինում են ռազմական գործողություններ, ապա մյուս կողմերը ևս պետք է մասնակցեն: ՀՀ-ի նկատմամբ ադրբեջանական կողմը բազմաթիվ անգամներ խախտել է հրադադարը, օգտագործել խոշոր տրամաչափի զինատեսակներ: Տավուշի մարզում ռազմավարական նշանակություն ունեցող միջպետական ճանապարհ է գնդակոծվել: Բազմաթիվ անգամներ զինծառայողներ են զոհվել, խաղաղ բնակիչներ՝ վիրավորվել»,-նշեց փորձագետը: 

 

Համբարձումյանի խոսքով՝ այս ամենին ՀԱՊԿ-ն կարող էր արձագանքել, քննադատությամբ հանդես գալ. «Բայց ինչպես տեսնում ենք, նրանք երբեք չեն արձագանքել: Մինչդեռ հենց սա է ՀԱՊԿ պարտավորությունը: Չգիտեմ, գուցե՞ հայկական կողմն է լուռ, արդյունքում էլ այս ամենի մասին չի խոսվում»: 

 

Փորձագետն ընդգծեց, որ այս թեմային անդրադառնալը ՀԱՊԿ-ին ձեռնտու չէ. «Եկեք չմոռանանք, որ ՀԱՊԿ  երկրներից յուրաքանչյուրի  հետ Ադրբեջանը շատ ջերմ հարաբերությունների մեջ է: Ու եթե հայկական կողմը հետևողական չէ, ապա ՀԱՊԿ-ն չի խոսի սեփական նախաձեռնությամբ: Եթե հայկական կողմը հարցը չբարձրացնի, ոչ ոք դա չի անի: Այսինքն՝ այս հարցն ամբողջությամբ հայկական կողմի խնդիրն է, որի լուծումը միայն հետևողական աշխատանքի արդյունքում կլինի: Մյուս կողմից՝  շատ ցավալի է, որ ՀԱՊԿ-ն իր գործառույթները չի կատարում»:

 

Համբարձումյանը նշեց, որ հայկական կողմի պասիվությունը չի հասկանում: Փորձագետի կարծիքով՝  նրանք գոնե պետք է հարցը բարձրացնեն պետական մակարդակով, այլ ոչ թե լրագրողների հարցի տեսքով լիներ պարզաբանումը: 

Զրույցի ընթացքում նա անդրադարձավ նաև ռուսական կողմի ռազմական ներկայությանը մեր երկրում՝ մասնավորապես նշելով, որ բացի 102-րդ ռազմաբազայից, կա նաև ավիացիոն ռազմաբազա, որը գտնվում է Էրեբունի օդանավակայանում:

 

«Ռուսական  ռազմական ներկայությունը Հայաստանում շատ կարևոր է: Եթե ՀՀ-ի նկատմամբ ինչ-որ ռազմական գործողություներ կիրառվեն, ապա ռուսական ռազմաբազան մեր անվտանգության երաշխիքն է: Հիմա այնպես է ներկայացվում, թե հայկական կողմը ռազմաբազայի առկայությամբ լավություն է անում ռուսականին, մինչդեռ սա ձեռնտու է հենց հայկական կողմին: Այդ ռազմաբազան ավելի շատ պետք է մեզ, քան՝ Ռուսաստանին»,-ասաց նա:

Փորձագետի խոսքով՝ ռուսական կողմը նախատեսում է ավելացնել ռազմական ուժերի քանակը մեր երկրում. «Ռուսաստանը Սիրիային է աջակցում ու եթե հարկ լինի, հենց մեր երկրում տեղակայված ռազմաբազայից պետք է առաջինն օգնության հասնեն Սիրիային: Պարզ է՝ տարածքային առումով ավելի մոտ ենք»,- եզրափակեց Համբարձումյանը: