«Ընդհանրապես՝ Ցեղասպանության ճանաչման գործընթացի տեսանկյունից կարևոր է, որ ԵՄ այս պետությունը, կարևոր պետություններից մեկը՝ Պորտուգալիան, ճանաչում է Հայոց ցեղասպանությունը: Սա նաև Ցեղասպանության միջազգային ճանաչման շարունակականության կարևոր հանգրվաններից մեկն է: Եվ պետք չէ կանգ առնել, պետք է ակտիվ աշխատել»,- լրագրողի հետ զրույցում հայտարարեց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը՝ մեկնաբանելով Պորտուգալիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը:
Ըստ նրա՝ Ցեղասպանության ամբողջական ճանաչման հասնելու համար կա 1-2 կարևոր պետություն, որոնց ճանաչումը բեկումնային կլինի՝ Իսրայելը և ԱՄՆ-ը. «Որևէ մեկի կողմից Ցեղասպանության ճանաչումը լուրջ ազդակ է լինելու այս հարցում: ԱՄՆ-ի 50 նահանգներից 49-ն արդեն ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, և սա կարևոր ձեռքբերում է, թեև ֆեդերալ կառավարության վրա ազդեցություն չի կարող ունենալ: Ամեն դեպքում, պետք է ակտիվ աշխատել և՛ ԱՄՆ-ի, և՛ Իսրայելի մեր գործընկերների հետ, նաև ԵՄ-ի, այլ տարածաշրջաններում պետությունների հետ»:
Ս.Սարգսյանը նշեց, որ Ցեղասպանության ճանաչմանն ուղղված աշխատանքին զուգահեռ՝ ճիշտ կլինի ակտիվ քայլեր ձեռնարկել նաև Արցախի ճանաչման համար.
«Օրեր առաջ Կոլորադո նահանգն էլ ճանաչեց Արցախը: Կարծում եմ, այս երկու ուղղություններով զուգընթաց պետք է աշխատանք տանենք: Արցախի արտգործանախարարը Լատինական Ամերիկայում էր, ու թեև սա պետության ֆորմալ ճանաչում չի, բայց իրականացվող միջացառումներն արդեն խոսում են, որ պետք չի բացառել, որ մի օր Արցախը կճանաչվի նաև Լատինական Ամերիկայում»:
Աղբյուր՝ 168.am