Սերժ Սարգսյանի եղբայրը վերադարձել է նախաքննական մարմնի պահանջով՝ քննչական գործողություններին մասնակցելու համար։
Այս լուրը iPRESS.am- ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ԱԱԾ մամուլի խոսնակ Սամսոն Գալստյանը։
«Նախաքննական մարմնի պահանջով՝ քննչական գործողություններին մասնակցելու համար Ալեքսանդր Սարգսյանը վերադարձել է Հայաստան»,–ասաց Գալստյանը։
Մարտի 22–ին ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը ասել էր, որ Ալեքսանդր Սարգսյանը, Հայաստանից մեկնել է քննչական մարմնի թույլտվությամբ։
«Այո, ՀՀ տարածքը լքել է մեր գիտությամբ և ստորագրություն է տվել, որ առաջին իսկ պահանջի դեպքում կժամանի Հայաստան։ Այս պահին նման պահանջ չկա, բայց քննչական բաժինը մշտապես գտնվում են կապի մեջ փաստաբանների հետ։ Հենց որ նման անհրաժեշտություն լինի, կդիմեն, և խնդիր չի լինի»,– ասաց Վանեցյանը։
Նա մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի խարդախության մեջ։