Factor.am-ին տեղեկություններ են հայտնի դարձել Պետական վերահսկողական ծառայության աշխատակիցների դեմ հարուցված քրեական գործի նախաքննության ներկա ընթացքից։
«Իրավապահ համակարգին մոտ կանգնած մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Պետական վերահսկողական ծառայության նախկին ղեկավար Դավիթ Սանասարյանի դեմ ցուցմունք է տվել առնվազն երեք անձ, որոնցից երկուսը ՊՎԾ աշխատակիցներ են, երրորդը՝ կառավարության անդամ։
Այսպես. Սանասարյանի դեմ ցուցմունք տված անձանցից մեկը Գևորգ Խաչատրյանն է, որին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քր․ օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահումը, որն առաջացրել է ծանր հետևանքներ…
Դավիթ Սանասարյանի դեմ ցուցմունք տված երկրորդ անձը Պետական վերահսկողական ծառայության գնումների գործընթացների վերահսկողության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Ադյանն է…
Դավիթ Սանասարյանի դեմ ցուցմունք տված երրորդ անձը առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն է։ Հայտնի է, որ ՊՎԾ աշխատակիցների դեմ քրեական գործ է հարուցվել հենց առողջապահության նախարարի դիմումի հիման վրա, որը վերաբերել է բուժհաստատություններին հեմոդիալիզի սարքեր մատակարարող ընկերությունների մրցույթին։ «Ֆրիզանյուզ» ընկերության ղեկավարը հայտարարել էր, թե Պետական վերահսկողության ծառայության աշխատակիցները մի շարք փոփոխություններ են մտցրել գնումների գործընթացում, ինչի արդյունքում մրցույթում հաղթել է կահույք ներկրող «Զորաշեն» ՍՊԸ-ն։
Ըստ իրավապահ համակարգին մոտ կանգնած Factor.am-ի աղբյուրի՝ Դավիթ Սանասարյանն ու Արսեն Թորոսյանը առերեսվել են, ընդ որում՝ առերեսման ժամանակ Արսեն Թորոսյանը պնդել է, թե Դավիթ Սանասարյանն իրեն ասել է, որ տեղյակ է եղել ՊՎԾ աշխատակիցների գործողություններից։ Դավիթ Սանասարյանը, սակայն, Թորոսյանի պնդումը հերքող ապացույց է ներկայացրել նախաքննական մարմնի ուշադրությանը։ Խոսքը գնում է Ֆեյսբուքում Դավիթ Սանասարյանի և Արսեն Թորոսյանի անձնական նամակագրության մասին, որտեղ Սանասարյանը նշել է ճիշտ հակառակը»,– գրում է կայքը։