«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է հրապարակել «Մարտի 1»-ի գործով ցուցմունք տված նախկին բարձրաստիճան պաշտոնյաների ցուցմունքները: ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը «Մարտի 1»-ի գործով ընդարձակ ցուցմունք է տվել, ուշագրավ բաներ պատմել, սակայն դրանք որեւէ առնչություն չունեն մարտյան իրադարձությունների հետ: Օրինակ՝ քննիչը հարց է տվել. «Երբեւէ Սիլվա Համբարձումյանի հետ գործարք կնքե՞լ եք, թե՞ ոչ, նրանից գումար ստացե՞լ եք, թե՞ ոչ. եթե այո, ապա ի՞նչ գործարք եք կնքել, որքա՞ն գումար եք ստացել, ե՞րբ եւ ի՞նչ նպատակով»:


ՊԱՏԱՍԽԱՆ. Սիլվա Համբարձումյանի հետ երբեւէ գործարքի մեջ չեմ մտել, նրա հետ երբեւէ որեւէ գործարք չեմ կնքել: Իսկ ինչ վերաբերում է Սիլվայից գումար ստանալուն, ապա հիշում եմ նման մեկ դեպք, որ եղել է իր իսկ խնդրանքով: Իմ հիշելով` 2008 թվականի կոնկրետ ժամանակահատվածը չեմ հիշում, բայց միանշանակ արդեն թողել էի նախարարի պաշտոնը: Այդ ժամանակ իմ սիրիահայ Հալեպ քաղաքի ծանոթներից մեկը ոսկյա զարդեր ուներ, որոնք ցանկանում էր վաճառել, իսկ Սիլվան էլ ցանկանում էր այդ զարդերը գնել: Զարդերն այդ ժամանակ գտնվել են Երեւանում: Իմ առնչությունը եղել է դրանում, որ նշածս սիրիահայը ինձ խնդրել էր, որ իմ միջոցով լինի զարդերի գումարի փոխանցումը: Դրա համար ես զանգել եմ Սիլվային, եւ նա զարդերի գումարը` 40 հազար ԱՄՆ դոլար, փոխանցել է իմ` Բելգիայում գտնվող հաշվեհամարին, որից հետո ես այդ գումարը կանխիկացրել եմ եւ տվել եմ սիրիահային: Սիրիահայի անունը չեմ հիշում:

ՀԱՐՑ. Քննության ընթացքում պարզվել է, որ Սիլվա Համբարձումյանը 2008 թվականի դրությամբ Ձեր անվամբ փոխանցել է գումարներ, մասնավորապես` 2008 թվականի հուլիսի 2-ին` 10 հազար դոլար, 2008 թվականի հուլիսի 29-ին` 40 հազար դոլար, 2008 թվականի հուլիսի 31-ին` 50 հազար դոլար, եւ 2008 թվականի օգոստոսի 7-ին` 50 հազար դոլար: Ասացե՛ք, թե նշված ընդհանուր 150 հազար դոլարն ինչո՞ւ է փոխանցվել Ձեր հաշվեհամարին, եթե ոչ նշված գործարքում Ձեր դեկարատարության համար:

ՊԱՏԱՍԽԱՆ. Անկեղծորեն չեմ հիշում: Բայց նաեւ ասեմ, որ ինչպես արդեն վերեւում նշել եմ, փոխանցումներից 40 հազար դոլար ԱՄՆ գումարը Սիլվան ինձ փոխանցել է վերեւում նշված ոսկեղենի գումարը, ուստի անորոշությունն իմ կողմից վերաբերում է 110 հազար ԱՄՆ դոլար գումարին»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում