ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր նիստ է հրավիրվել, որի օրակարգում է «Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն» և «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» ընկերությունները մասնավորեցման ցանկից հանելու հարցը: Նիստը վարում է հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը: Զեկուցողն առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն է:
«Մենք կարծում ենք, որ նման հանրապետական նշանակության կենտրոնները, որոնք կարևոր ֆունկցիա են կատարում, պետք է լինեն պետական և չմասնավորեցվեն: Այդ կենտրոնները մեզ չէին ենթարկվում, մենք ստիպված դիմում էինք Տնտեսական զարգացման նախարարություն, ապա Պետական գույքի կառավարման կոմիտե և այլն, ու շատ բաներ կորչում էին, կոմիտեն մասնագիտացված չէ բժշկական հիմնարկ կառավարելու համար: Վերադարձնելով` մենք ավելի քան համոզված ենք, որ ուղիղ կապը հնարավորություն կտա էֆեկտիվ լինել, անմիջական վերահսկողություն իրականացնել և խոսել նույն լեզվով: Մեր առաջարկած պայմանները, կարծում եմ, կենտրոնները կբավարարեն, այլապես՝ կանցնենք փոփոխություններ անելու` սկսած կադրերից, մինչև կառուցվածքային»,- ասաց Արսեն Թորոսյանը:
Թորոսյանը նշեց նաև, որ կառավարումը վերահսկելի դարձնելու դեպքում գործունեությունն առավել արդյունավետ կլինի:
«Բացի դրանից, ձևավորվում է կառավարման խորհուրդ, որը բաղկացած է 7 անդամներից, որն ավելի ճիշտ է, քան միանձնյա կառավարումը»,-ասաց Առողջապահության նախարարը:
Հարցին, թե ծախսերի ազդեցությունը հաշվարկվե՞լ է, Թորոսյանը պատասխանեց.
«Մենք ունենք զարգացման ծրագիր, թե ինչպես ենք պլանավորում այդ կենտրոնները զարգացնել: Կապիտալ որոշակի ներդրումներ արվում են թե′ բժշկական կենտրոնների միջոցով, թե′ դոնորական միջոցներով»: