Արաբկիր վարչական շրջանում իրավիճակը լարված է, խնդիրներ են առաջացել ղեկավարի և աշխատակիցների միջև։ Վերջիններս ստորագրահավաք են իրականացնում՝ պահանջելով աշխատանքից ազատել վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանին։ Աշխատակիցների խոսքով՝ թաղապետն անտեղի նկատողություններ է անում, աշխատանքի է տեղավորել իր ընկեր-բարեկամներին. ընկերը տեղակալն է, աներձագը՝ վարորդը,, պարգևավճարները բաշխվել են ոչ թե ինչպես մյուս վարչական շրջաններում՝ 100 % աշխատավարձի չափով, այլ՝ 30%, 50%, 100%՝ ըստ ղեկավարի հայեցողության։
ԼՈՒՐԵՐ․com-ը փորձեց մեկնաբանություն ստանալ Արաբկիր վարչական շրջանի ղեկավարից, սակայն աշխատակազմից փոխանցեցին, որ Արամ Դանիելյանը քաղաքապետարանում խորհրդակցության է։ Աշխատակազմից հաստատեցին տեղեկությունները, որ վարչական շրջանի ղեկավարի և աշխատակիցների միջև խնդիրներ են առաջացել․ «Խնդիրն առաջացել է պարգևավճարների հետ կապված։ Պարոն Դանիելյանն ի սկզբանե որոշել էր պարգևավճարները տալ մոտիվացնող ձևով. ոչ թե լավ և վատ աշխատողներին հավասարաչափ պարգևատրել, այլ՝ տոկոսային հարաբերությամբ՝ լավ աշխատողները ստանային 100 %, 70%, թերացողները՝ 30%, 50%, որպեսզի հաջորդ եռամսյակում վերանայեին իրենց աշխատելաոճը։ Ղեկավարն ուզում էր մրցակցային դաշտ ստեղծել նրանց միջև։ Սակայն աշխատակիցների մոտ դժգոհություն էր առաջացել, թե ինչու են այդպես բաշխվել պարգևավճարները։ Իսկ ստորագրահավաք իրականացրել են մի քանի աշխատակիցներ, որոնք չեն սիրում աշխատել։ Ինչ վերաբերում է նկատողություններին, ապա դա նորմալ է, եթե աշխատակիցը որևէ հարցում թերանում է, սակայն դրանք հիմնավորվում են»,-ասացին աշխատակազմից։
Դիտարկմանը՝ եթե իրենց աշխատանքում թերանում են, ինչո՞ւ չեն փոխարինվում այլ աշխատակիցներով, աշխատակազմից պատասխանեցին․ «Ես չեմ կարող ասել՝ 100 %-ով թերանում են, ծույլ են, բայց բոլոր տեղերում էլ լինում են լավ կամ վատ աշխատողներ։ Եթե ղեկավարն ազատի աշխատանքից առանց լուրջ հիմքերի, դա էլ ճիշտ չէ»,- նշեցին Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմից։
Աշխատակազմից տեղեկացրին, որ երեկ ժողով է տեղի ունեցել, քննարկում է եղել աշխատակիցների և Արամ Դանիելյանի միջև, վերջինս որոշել է բոլորին 100 % պարգևավճարներ տալ, ինչպես մյուս վարչական շրջաններում, սակայն զգուշացրել է նաև, որ հաջորդ եռամսյակների համար չափորոշիչներ կմշակվեն, որ պարգևավճարները բաշխվեն ըստ կատարած աշխատանքի։
Անդրադառնալով Արամ Դանիելյանի կողմից բարեկամ-ընկերներին աշխատանքի տեղավորելու տեղեկություններին, աշխատակազմից նշեցին, որ Արամ Դանիելյանի վարորդը նրա աներձագն է, սակայն տեղեկալները նրան բարեկամ կամ ընկեր չեն։