Եվրամիության երկրները պետք է պահպանեն տրանսատլանտյան կապերն ամեն գնով, ընդ որում՝ փորձելով խուսափել հիմնարար փոխզիջումներից: Այդ մասին ուրբաթ հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ, Լեհաստանի նախկին վարչապետ Դոնալդ Տուսկը՝ ելույթ ունենալով Վարշավայի համալսարանում «Հույս եւ պատասխանատվություն: Սահմանադրության, Եվրոպայի եւ ազատ ընտրությունների մասին» խորագրով դասախոսության ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Նրա խոսքով՝ Եվրոպան, որը ոչ միշտ է կարողացել պաշտպանել ազատության եւ մարդու իրավունքների մասին հիմնարար գաղափարները, «գլոբալ տարածքում համագործակցության կարիք ունի»: «Ցանկանում եմ ընդգծել տրանսատլանտյան հանրությունն ամեն գնով պահպանելու անհրաժեշտությունը: Մենք ապրում ենք աշխարհում, որտեղ առանձին եվրոպական երկրները չունեն իրականության հետ առերեսման հնարավորություն»,-ասել է Տուսկը՝ շեշտելով, որ «ԵՄ-ում այլեւս երկրներ չկան: Կան մի քանիսը, որոնք կարծում են, որ բավականաչափ մեծ են»,-հավելել է նա:
«Եթե մենք ցանկանում ենք հաղթահարել 21-րդ դարի մարտահրավերները, ապա պետք է համախմբվենք ԵՄ-ի ներսում եւ անենք ամեն ինչ տրանսատլանտյան կապերը պահպանելու համար»,-նշել է Եվրախորհրդի ղեկավարը:
«Լեհերը չեն ունեցել եւ չեն ունենա ավելի լավ դաշնակից, քան ԱՄՆ-ը»,-փաստել է Տուսկը: «Սակայն կարեւոր է խուսափել որոշակի ծուղակներից, որոնք մշտապես աղետալի ավարտ են ունենում: Այդ ծուղակները պայմանավորված են վատ քաղաքական գրագիտությամբ, երբ գերակայում է «կամ» բառը, իսկ ես ցանկանում եմ, որ լինի «եւ»-ը,-պարզաբանել է նա: Որպես օրինակ քաղաքական գործիչը բերել է երկու արտահայտություն. «անվտանգության կամ ազատություն» ու «անվտանգություն եւ ազատություն»: