Տնտեսական հեղափոխության հիմքում պետք է դրվի անհատական ջանքը: ՀՀ քաղաքացու ոչ մի հնարավորություն սահմանափակված չէ ստեղծարար, օրինական փոփոխությունների և գործողությունների համար: Արտաշատում «Արարատ Գրուպ» ջրերի գործարանում «Իմ քայլը հանուն Արարատի մարզի» բիզնես-ներդրումային ծրագրերի համաժողովին այս մասին խոսեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Տնտեսական փոփոխությունները, որ տեղի են ունենում Հայաստանի Հանրապետությունում և դեռ պետք է տեղի ունենան, մեզ համար բացարձակ առաջնահերթություն են: Ցանկանում եմ ընդգծել, որ տնտեսական փոփոխությունների ամենակարևոր նախադրյալն այն գաղափարախոսությունն է, որ դրված է դրանց հիմքում: Այդ գաղափարը մենք անվանում ենք անհատական ջանք, անհատի վերափոխում: Հեղափոխությունից առաջ փիլիսոփայությունը և գաղափարախոսությունը հետևյալն էր. իսկ ի՞նչ կարող է անել Հայաստանի Հանրապետության քաղաքացին: Այս հարցի պատասխանը բոլորիս հայտնի է. Հայաստանի Հանրապետության քաղաքացին, ըստ էության, ոչ մի բան չէր կարող անել կամ եթե կարող էր անել, շատ սահմանափակ կերպով, այն էլ` որոշակի թույլտվությամբ, թողտվությամբ, հովանավորությամբ: Հեղափոխությունից հետո քաղաքացին կարող է անել ամեն ինչ, քաղաքացու ոչ մի հնարավորություն սահմանափակված չէ, պայմանով, որ մենք խոսում ենք ստեղծարար, օրինական փոփոխությունների և գործողությունների մասին, երբ օգտվում են սեփական ազատություններից և իրացնում դրանք»,-ասաց Փաշինյանն ու հավելեց` այդ փիլիսոփայական փոփոխությունն այսօր Հայաստանի Հանրապետությունը դարձրել է աշխարհի առաջատար ժողովրդավարական երկրներից մեկը, այս փիլիսոփայական փոփոխությունը Հայաստանը հիմա դարձնում է և պիտի դարձնի աշխարհի տնտեսական զարգացած երկրներից մեկը:
«Այսօր Հայաստանի Հանրապետությունում որևէ քաղաքացի որևէ բանով սահմանափակված չէ: Սակայն, նախկինից եկած շատ իներցիոն գործընթացներ խանգարում են. մարդիկ երբեմն չեն ուզում հավատալ իրենց տեսածին, լսածին, մարդիկ շարունակում են երբեմն ունենալ համաձայնեցումների կարիք և տնտեսական որևէ ներդրման ցանկություն ունեցող մարդկանց մեծ մասն ուզում է անձամբ հանդիպել և համաձայնեցնել երկրի ղեկավարության հետ: Իհարկե, մենք պատրաստ ենք հանդիպումների, բայց, այնուամենայնիվ, պետք է հասկանալ, որ օրը ունի քսանչորս ժամ, շաբաթը` յոթ օր: Նախկին այդ իներցիան մեզ այսօր խանգարում է»,-նշեց վարչապետ Փաշինյանը:
Դիմելով գործարարներին` վարչապետն ասաց, որ կառավարության հիմնական խնդիրն այնպես անելն է, որ որևէ մեկը տնտեսական գործունեության համար չունենա կառավարության կարիքը: «Մեր առաքելությունն է, որ մարդիկ ամենօրյա կյանքում հնարավորինս ավելի քիչ ունենան կառավարության կարիքը, պետական մարմինների հետ շփվելու կարիքը: Կառավարության հիմնական խնդիրը ոչ թե մարդկանց ղեկավարելն է, այլ մարդկանց չխանգարելը, ոչ թե մարդկանց կամքը ձևավորելն է, այլ մարդկանց քաջալերելը, նրանց ստեղծարար ընդունակությունները և հմտությունները զարգացնելը»,-ասաց Փաշինյանը:
Նրա խոսքով` այսօր արդեն տասնյակ օրինակներ կան: