Երեկ միջադեպ է գրանցվել Երևանի քաղաքապետարանում։ Ինչպես հաղորդում է «Հրապարակ» օրաթերթը, երեկ ժամը 20:00-ին պետք է տեղի ունենար քաղաքապետարանի ֆինանսավարկային հանձնաժողովի հերթական նիստը այն դահլիճում, որտեղ նույն ժամին իշխող ֆրակցիան՝ «Իմ քայլը» խմբակցությունը, նիստ անցկացնելիս է եղել քաղաքապետ Հայկ Մարությանի գլխավորությամբ, մինչդեռ հանձնաժողովի անդամները մի քանի ժամ սպասել են դրսում մինչև դահլիճն ազատվի, որ մասնակցեն ֆինանսավարկայինի նիստին:
Հանձնաժողովի անդամ, «Լույս» խմբակցության ներկայացուցիչ Անի Խաչատրյանը ներս է մտել, որպեսզի իշխող խմբակցությանից հասկանա, թե երբ դահլիճը կազատեն, որպեսզի հանձնաժողովը իր սահմանված աշխատանքներով զբաղվի․«Մեզ կանչել են ժամը ութին նիստի, որտեղ բյուջեն ու իրենց հաստիքացուցակը պիտի քննարկենք այն դահլիճում, որտեղ նիստը նախատեսվում էր, իրենք էնտեղ նիստ են անում, ու տենց մենք սպասում ենք իրենց՝ աստիճաններին նստած: Թե՛ մենք, թե՛ «ԲՀԿ» խմբակցությունը: Մեկը դուրս է գալիս ու մուննաթ է գալիս Դավիթ Խաժակյանի վրա: Քաղաքապետի դիմաց իրենց ավագանու անդամները «տղա» են դառել, ինձ հետ ձեռով-ոտով են խոսում, ասում՝ հլը դուրս արի, արա՛: Դուռը բացում եմ, ասում եմ՝ պարտավոր չենք ձեզ սպասենք, ասում են՝ դուրս արի ստեղից, արա»,-ասել է Անի Խաչատրյանը՝ ավելացնելով, որ իշխող խմբակցության անդամների լկտի պահվածքը որևէ կերպ չի սաստել քաղաքապետ Հայկ Մարությանը, ում ներկայությամբ էլ վիրավորել են ավագանու կին անդամներին։
Իշխող քաղաքական ուժը գնալով շատ ու շատ ավելի է նմանվում նախկին իշխանություններին։ Ըստ էության` հասարակական քաղաքական տարբեր խմբերի «նախկին իշխանության մնացուկ» լինելու մեջ մեղադրող Փաշինյանի իշխանությունը իրականում հենց ինքն է նախկին իշխանության մնացուկ։ Փաշինյանի իշխանությունն էլ ունի իր մանվելներին, շմայսներին ու լիսկաներին։ Նախկին իշխանություններից տարբերվում են մի բանով՝ ինտելեկտուալ թիմակիցներն են քիչ։
Եվ քանի որ նախկինների բարքերը նոր իշխանությունների սրտով են, ապա կարելի է պատկերացնել, թե ինչ հարց կտար Վովա Գասպարյանը Հայկ Մարությանին՝ «դու գողական ես, թե քաղաքապետ՝ արա», ինչպե՞ս ես թույլ տալիս քո ներկայությամբ նման տոնով և բառամթերքով խոսեն կանանց հետ։ Ինչպե՞ս ես թույլ տալիս, որպեսզի նման կեցվածք ունեցող ավագանին շարունակի մնալ քո թիմի անդամ։
Աղբյուրը՝ politik.am