Այսօր՝մայիսի 10-ին, «Ահազանգ» նախաձեռնության անդամներն իրականացրին բողոքի ակցիա ընդդեմ համահարթ հարկման։ Նրանց պահանջն այն է, որ ՀՀ կառավարությունը հետ կանչի Աժ ուղարկված Հարկային օրենսգրքի փաթեթը։ Նախաձեռնության անդամ Արգիշտի Գևորգյանի խոսքով, նախագիծը մարդկանց տանում է բևեռացման, հարուստները ավելի կհարստանան, աղքատներն ավելի կաղքատանան։ «Մենք պահանջում ենք, որ կառավարությունը չեղարկի եկամտահարկի համահարթեցման սկզբունքը։ Այսօր մենք պետք է նամակ հանձնենք կառավարության ներկայացուցչին»։
Նամակում նախաձեռնության անդամները ներկայացնում են իրենց հակափաստարկները համահարթ հարկման վերաբերյալ։ Սեպտեմբերի 1-ից եկամտահարկի համար սահմանվել է 23%, որը վերաբերվելու է բոլորին։
«Համահարթ հարկման դեպքում դրական փոփոխություն է նշվում այն, որ բիզնեսները ստվերային դաշտից դուրս կգան, ներդրումներ կավելանան և աշխատավարձերի բարձրացում կլինի։ Վարչապետը նշում է, որ 50.000 աշխատատեղ է բացվել և դուրս են եկել ստվերային դաշտից,սա ևս փաստում է, որ պրոգրեսիվ հարկման դեպքում էլ հնարավոր է պայքարել ստվերի դեմ։ Ներդրումների ավելացման առումով, գործարարների համար առավել կարևոր է ռիսկերի նվազումը և ապահովության երաշխիքները, քան հարկման տոկոսները։ Մենք համաձայն ենք, որ Հայաստանը պետք է լինի բարձր աշխատավարձերի երկիր, բայց պրոգրեսիվ հարկումը ոչ միայն խոչընդոտ չէ, այլև նպաստում է, որ պետությունը կատարի իր սոցիալական պրարտավորությունները։ Հայաստանի նման աղքատություն և գործազրկություն ունեցող երկրի համար այս նախագիծը կարող է դառնալ հասարակությունը սասանող ռումբ, որը խորացնելու է հասարակության տարբեր շերտերի բևեռացումը։ Ավելանալու է աղքատության ցուցանիշը և նվազելու է պետբյուջեի մուտքերը։ Այս պարագայում չըդունել հասարակության մեծամասնության խնդիրը և առաջ քաշել նեղ խմբի շահերը բավարարող նախագիծ՝ անընդունելի է»,-իրենց փաստարկները ներկայացրեց Գևորգյանը։
Ակցիայի մասնակիցները կոչերով պահանջում էին կառավարության ներկայացուցչին։ Ներկայացուցիչը մասնակիցներին հրավիրեց ընդունարան՝ պարզաբանելու խնդիրը և նամակը փոխանցելու, սակայն մասնակիցները հրաժարվեցին, պնդելով հանդիպել դրսում։
Ակցիայի վերջում մասնակիցները դատարկ դրամապանակներ նետեցին կառավարության շենքի ուղղությամբ, պնդելով, որ դրանք ուղղված չեն ոստիկանությանը։