«Տեսնենք, հույս ունեմ»: Այսպես արձագանքեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին՝ Լևոն Քոչարյանն, արձագանքելով այն հարցին, թե ինչ ակնկալիքներ ունի այսօրվա դատավարությունից:
Լևոն Քոչարյանը նշեց, որ մեղադրանքն անձնական վրեժխնդրություն է:
Հարցին, թե ով պետք է պատասխան տա Մարտի 1-ի սպանությունների համար, Քոչարյանը պատասխանեց. «Նախևառաջ, պետք է հասկանան՝ ով է սպանությունը կազմակերպել, ով է այդ ամեն ինչի մեջ մեղավոր ու ինքն էլ պատասխանատվություն կրի: Բայց վերցնել և ասել՝ դե մեկը պետք է պատասխան տա, դա սխալ է: Ես շատ ուրախ կլինեմ, որ բաց, արդար դատավարություն լինի: Ինչ տեսակետ էլ ես հայտնեմ՝ սուբյեկտիվ է դիտվելու: Այս խափանման միջոցը, որը մինչ օրս կա՝ ապօրինի է, Սահմանադրական դատարանն էլ դա ցույց տվեց: Ակնկալում ենք, որ կվերացվի այս կալանքը»:
Հարցին, թե հոր հետ ե՞րբ է տեսակցել վերջին անգամ, Լևոն Քոչարյանը պատասխանեց, որ մայիսի 8-ին:
Դիտարկմանը, թե ինչպե՞ս են իրենք հարստացել, Լևոն Քոչարյանը պատասխանեց. «Եթե դու ինչ-որ կարողություն ունես, չի նշանակում, որ դու միլիարդատեր ես: Անընդհատ փորձում են ինչ-որ կեղտ գտնել մեր ընտանիքի հետ կապված, թե ինչպես ենք հարստացել, ո՞ւր է, թող լինի, թող ասեն՝ գիտե՞ք ինչ կա, այ էս բանը դուք ունեք, որը պետությունից վերցրել եք»: