Իշխանական կուլիսներում և մամուլում պտտվող որոշ խոսակցությունների համաձայն՝ ՊՎԾ ժամանակավորապես լիազորությունները կասեցված պետի՝ Դավիթ Սանասարյանի դեմ «տեղեկատվական պապկան» այնքան էլ պատահական չի հայտնվել ԱԱԾ ձեռքում, և այս գործում երևում են «Իմ քայլի» պատգամավոր, Սանասարյանի թիմակից՝ Հայկ Սարգսյանի «ականջները»: Բանն այն է, որ Սանասարյանը իր աշխատանքային պարտականությունները կատարելիս, կարծես թե, դուրս էր եկել Հայկ Սարգսյանի հոր՝ Զարեհ Սարգսյանի «կեղտոտ լվացքի» վրա: Այն, որ Տեր-Պետրոսյանի ժամանակ, ըստ որոշ տեղեկությունների, թոշակառուների փողերը յուրացրած, հետո Անդրանիկ Մարգարյանի համառ ջանքերով չդատված Զարեհ Սարգսյանի անձը կարող էր հետաքրքրել պետական վերահսկողական ծառայությանը՝ զարմանալի չէ: Հայկ Սարգսյանն, ով ի դեպ ամիսներ առաջ զբաղեցնում էր ՊՎԾ պետի տեղակալի պաշտոնը և քաջ ծանոթ է այս կառույցի «ներքին խոհանոցին», ըստ էության, հորը փրկելու, իսկ գուցե նաև ինքն իրեն ինչ-ինչ հարցերում ապահովագրելու համար «փուռն է տալիս» իր երբեմնի թիմակից Սանասարյանին: Անգամ մամուլում բազմաթիվ են հրապարակումները այն մասին, որ Զարեհ Սարգսյանը ժամանակին հաջողությամբ և «ոչ գեղեցիկ աչքերի համար» միջնորդում էր մարդկանց պաշտոնների նշանակման և քաղաքում «յուղոտ» հողակտորների տեր դառնալու հարցերով: Այս հարցում «պտուղը ծառից հեռու չի ընկել»:
 
Սարգսյան կրտսերը, որոշ տեղեկությունների համաձայն, մեծ պատրաստակամություն է դրսևորում տարատեսակ «հարցերի լուծմանն» իր միջնորդական ծառայություններն առաջարկելու հարցում:
 
Ընդամենը ամիսներ առաջ էլ բախվել էին Սարգսյանի և իր մյուս թիմակցի՝ Ալեն Սիմոնյանի բիզնես շահերը, իսկ խնդրո առարկա թեման՝ Սիմոնյանի կողմից առաջարկված բուքմեյքերական ընկերությունների աշխատանքը կանոնակարգող աղմկահարույց օրենքի նախագիծն էր: Եվ, եթե Սիմոնյանը օրենքը կարել էր «Բեսթ Քոնսթրաքթ» ընկերության շահերին համահունչ, քանի որ հանդիսանում է «Վիվառոյի» սեփականատեր Վիգեն Բադալյանի մտերիմը, Սարգսյանը անում էր ամեն ինչ այն վերաձևավորելու և պաշտպանելու «Գուդվին» ընկերության շահերը: Բանն այն է, որ Սարգսյանը 2018-ին պատգամավոր է ընտրվել Գեղարքունիքի մարզից ռեյտինգային ընտրակարգով, «Իմ քայլ»-ին բերելով 11 563 ձայն: Այս գործում Սարգսյանին օգնել են գավառցի եղբայրներ Ալիկ և Արա Բանդուրյանները և հենց նրանց է պատկանում Ալեն Սիմոնյանի նախաձեռնության արդյունքում փակման վտանգի առջև կանգնած «Գուդվին-Բեթ» բուքմեյքերական ընկերությունը: Հասկանալի է, որ «Գուդվինի» սեփականատերերը նույնպես պետք է փորձեն պաշտպանել իրենց բիզնես շահը: Հայկ Սարգսյանն էլ ԱԺ-ում լոբբինգ էր  անում հենց այդ շահերի օգտին:
 
Միևնույն ժամանակ, Սարգսյանը չի խորշում նաև ավելի մանր կալիբրի ծառայություններ մատուցելուց: Մասնավորապես, հետհեղափոխական Հայաստանում Թիվ 1 տուն–ինտերնատի տնօրեն Գառնիկ Վարդանյանն իր այդ պաշտոնը ստացել է հենց Հայկ Սարգսյանի միջնորդությամբ, քանի որ Հայկ և Նաիրի Սարգսյանների ավտոյուղերի բիզնեսում վստահելի «պարտնյոր է» հանդիսանում:
 
Սակայն, Հայկ Սարգսյանն աչքի է ընկնում ոչ միայն տարբեր անհատների և խմբերի համար հարցեր լուծելու իր պատրաստակամությամբ, այլ, որոշ տեղեկությունների համաձայն, նա ամեն գնով ջանում է ակտիվորեն ներգրավված լինել կադրային քաղաքականությանը առնչվող հարցերի լուծմանը: Ըստ էության, Սանասարյանի դեմ «կոմպրոմատներով պապկան»նպատակ էր հետպանդում ոչ միայն փրկել հորը՝ վերահսկողական ծառայության թիրախում հայտնվելուց, այլ նաև ճանապարհ բացել ՊՎԾ-ում սեփական կադրերի առաջխաղացման համար: Ընդ որում, Սարգսյանի թիրախում ոչ միայն Դավիթ Սանասարյանն է: Որոշ տեղեկությունների համաձայն, Սարգսյանը ակտիվորեն դավեր է նյութում նաև ոստիկանապետ Վալերի Օսիպյանի դեմ, ով նույնպես Սարգսյանի միջնորդական ծառայությունների հետ կապված բավականաչափ փաստեր է հավաքագրել: Միևնույն ժամանակ Օսիպյանին «գծերից հանելով» Սարգսյանը ցանկանում է ոստիկանապետի պաշտոնում տեսնել ՝ ոստիկանության համակարգում բարձր պաշտոն զբաղեցնող իր մտերիմներից մեկին:
 
Ըստ էության, նոր Հայաստանում փոխվել են միայն դեմքերը, իսկ գործելաոճը, քաղաքական ամբիցիաները բավարարելու ուղիները շարունակում են նույնը մնալ: Հեղափոխության սկզբում Հայկ Սարգսյանն ընդամենը Փաշինյանի ռուպռ բռնողն էր,  համատեղության կարգով նաև «ախրաննիկը», իսկ այսօր արդեն Սարգսյանը մեծ-մեծ հարցեր լուծողի ամպլուայում է հանդես գալիս, և դրանում, իհարկե, կա նաև Նիկոլ Փաշինյանի մեղավորությունը, քանի որ հենց նրա թողտվության պարագայում են որևէ քաղաքական դիմագիծ, անցյալ չունեցող, որևէ արժեք չստեղծած «քայլածները» բարձր պաշտոնների հասել: Հայկ Սարգսյանը մինչ հեղափոխությունը հայտարարում էր, որ պետության շահերից բացի այլևս չեն լինելու այլ շահեր: Իրավիճա՞կ է փոխվել, թե՞ Սարգսյանը այլևս համոզված է, որ պետությունը ինքն է…: