«Գյումրին առանց տնակների» հիմնադրամի նախկին տնօրեն Մհեր Խաչատրյանն արդարության հասնելու ճանապարհին խոչընդոտներ է տեսնում: Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա հունվարի 29-ին, երբ դեռ Խաչատրյանը հանդիսանում էր հիմնադրամի տնօրենը, ասուլիս էր հրավիրել եւ հիմնադրամի նախկին տնօրեն Ղարիբ Հարությունյանին մեղադրել էր չարաշահումներ կատարելու մեջ:
«Ինչ հիմա ասելու եմ, ես փաստերն ունեմ, հիմքերն ունեմ, հիմնադրամի ֆինանսական հաշվետվությունների մեջ կան չարաշահումներ նախկին տնօրենի կողմից: Ես կոնկրետ հիմքերը, փաստերը ունեմ ձեռքիս տակ: Խոսքը 2017 թվականի մասին է, երբ տնօրեն էր Ղարիբ Հարությունյանը: Չեմ ուզում ինչ-որ որակավորում տալ, բայց ասեմ, որ հոգաբարձուների խորհրդի նիստին ներկայացվել է կեղծ հաշվետվություն եւ կա ծախսերի հետ կապված ֆինանսական չարաշահում, օրինակ աշխատակից չունենալու ժամանակահատվածում աշխատավարձի ձեւակերպում, եւ այն»,- հայտարարել էր Մհեր Խաչատրյանը: Հայտարարությունից կարճ ժամանակ անց ասուլիսի սրահ հասած Ղարիբ Հարությունյանը հերքել էր հայտարարությունն ու Մհեր Խաչատրյանին մեղադրել էր քաղաքական պատվեր կատարելու մեջ: Ասել էր նաեւ, թե հստակ գիտի, թե ում կողմից է ուղղորդվում Մհեր Խաչատրյանը:
Այս փոխադարձ մեղադրանքները հետագայում ստացան փաստաթղթային ձեւակերպում եւ հասան Շիրակի մարզի դատախազություն: Մհեր Խաչատրյանը հենց այստեղ էլ մտահոգվելու առիթ է տեսնում: ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ լուրջ մտավախություն ունի իրավապահ համակարգի վրա հնարավոր ճնշումների հետ կապված:
«Մինչ այս պահը, իմ կարծիքով, չի եղել նման բան: Սակայն ես չեմ բացառում, որ իրավապահների վրա ազդելու փորձերը չեն շարունակվի: Ես համոզվեցի, որ ոչ միայն գործ ունեմ անհատ Ղարիբ Հարությունյանի հետ, այլ մի ամբողջ կլանային համակարգի: Նրանք թիմով են հանդես գալիս: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հետաքննություն է գնում, եւ ես չեմ ուզում խախտել անմեղության կանխավարկածը, դրա համար շատ մանրամասներ ասել չեմ կարող: Դա կանեն իրավապահ մարմինները, երբ որ նորություն լինի»,-ասաց Մհեր Խաչատրյանը:
ՀԺ-ի հարցին, թե որեւէ մեկի կողմից հետաքննությանը խանգարելու փորձի փաստեր արդյո՞ք կան, Մհեր Խաչատրյանը պատասխանեց՝ ոչ, զուտ ենթադրություններ են, սակայն բացառել չի կարելի:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Գյումրի կատարած այցի ժամանակ եւս Մհեր Խաչատրյանը նույն մտահոգությունն էր հայտնել, մոտեցել, վարչապետին անձամբ տեղեկացրել էր: Ասել էր՝ նախկին ծանոթ-բարեկամ սկզբունքը հնարավոր է, որ խանգարի իր կողմից ձեռնարկված քայլերին:
«Քանի որ խոսքը ծանոթ-բարեկամ հասկացության մասին է եւ տարբեր ասեկոսներ են հնչում, թե ես քաղաքական պատվեր եմ կատարում, իմ արածը քաղաքական ենթատեքստ ունի եւ այլն, նաեւ հրապարակավ հայտարարվել էր, որ «Անուշարան»-ում եմ ցուցումներ ստանում, հասկանալի է, որ նկատի ունեն Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին: Ասեմ, որ Սամվել Բալասանյանը ոչ իմ վերադասն է, ոչ էլ առավելեւս, իմ բարեկամն է: Եթե ազգակցական կապեր ենք ուզում նայել, ապա ասեմ, որ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն է իմ ազգականը, որը գտնվում է բարիկադի հակառակ կողմում եւ հստակ սա ապացուցում է, որ արդարության հասնելու պայքարում ինձ չեն կաշկանդում նույնիսկ ազգակցական կապերը: Այսինքն, էդ քաղաքական պատվերի մասին հայտարարուությունը սեփական մեղքերը քողարկելու համար է արվում»:
Ինչու՞ է մարզպետ Տիգրան Պետրոսյանը բարիկադի հակառակ կողմում եւ ինչի՞ց կարելի է դա ենթադրել: Հարցի պատասխանը կրկին ենթադրությունն է. «Երբ որ վերջերս վարչապետը հայտարարեց, թե Շիրակի մարզպետը դժգոհ է իրավապահներից ՝ փողոցաշինական աշխատանքների հետ կապված, իմ համոզմամբ, դա ավելի շատ վրեժխնդրություն էր մարզի դատախազության դեմ, քանի որ իրավապահները մինչ այս պահը իրենց աշխատանքն անում են՝ առանց կողմնակի ազդեցությունների տրվելու: Երբ իրավապահ մարմինների կողմից հստակ լինի այն հարցի պատասխանը, թե արդյո՞ք Ղարիբ Հարությունյանը չարաշահումներ է թույլ տվել, թե՝ ես եմ նրան զրպարտում, դրանից հետո բոլոր հարցերի պատասխանները ինքնաբերաբար կլինեն, եւ հասարակությունը կիմանա՝ ով ով է» ,-ասաց Մհեր Խաչատրյանը:
Նաեւ ընդգծեց, որ «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի գործունեության ընթացքում կատարված չարաշահումների մասով մայիսի 6-ին հարուցված քրեական գործը կապ չունի իր կողմից դատախազություն ներկայացված հայցի, Ղարիբ Հարությունյանի գործի հետ: Դա էլ ուրիշ պատմություն է:
Ինչպե՞ս է Ղարիբ Հարությունյանը վերաբերվում Մհեր Խաչատրյանի կողմից իր հասցեին ուղղված մեղադրանքներին: Ինչպե՞ս է խանգարում կամ խոչընդոտում իրավապահների աշխատանքը: «Ի սկզբանե եմ ես այս մասին ասել, Մհերի խոսքերին անլուրջ եմ վերաբերվում, նաեւ էդ հարուցված քրեական գործը որ կա, անլուրջ է: Ես ի՞նչ իրավապահի պետք է տեսնեմ, կամ կարող է զանգեմ գլխավոր դատախազի՞ն, հա՞: Ես ասել, հիմա էլ պնդում եմ, որ Մհերի արածը պատվեր է, ինքն էլ գործիք է»,-ՀԺ-ի հետ զրույցում ասաց Ղարիբ Հարությունյանը: