Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակից թեկուզ մեկ մարդ չի բերվել Հայաստանի Հանրապետություն 2008 թվականի մարտի 1-ին եւ դրան նախորդած օրերին։ Այս մասին այսօր՝ մայիսի 16-ին, Երեւանի ընդհանուր իրավասությունների դատարանում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Նա պնդեց, որ դատախազները հրաժարվեն մեղադրանքից, ըստ որի՝ 2008 թվականի Մարտի 1-ին եւ դրան նախորդած շրջանում Երեւան է տեղափոխվել Արցախի ՊԲ շուրջ 1000 պայմանագրային զինծառայողներից ու սպաներից կազմված գումարտակ։
«Մեկ նախադասությամբ ասեմ, որ ԼՂՀ ՊԲ-ից թեկուզ մեկ մարդ չի բերվել Հայաստանի Հանրապետություն այդ ընթացքում»,- նշեց նա։
Հիշեցնենք, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ արդեն 4-րդ օրն է ընթանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հիմնավորվածության վերաբերյալ հարցի քննությունը։
Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգը տապալելու, ինչպես նաեւ իր պաշտոնեական դիրքն օգտագործելով «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊ ընկերության միակ մասնակից եւ տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու համար առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար։ Նրա փաստաբանները պնդում են, որ մեղադրանքը անհիմն է, եւ շինծու գործով իրականացվում է քաղքական հետապնդում։