Մայիսի 13-ին՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորքի նստավայրի մոտ տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում այսօր հարցաքննվել է քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին և ճանաչվել տուժող: ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատական նիստի ընթացքում հանրությունը բաժանվել էր երկու մասին։ Դատարանի բակում Քոչարյանին աջակիցների ու ընդդիմադիրների միջև բախումներ էին եղել։ Տեղեկությունների համաձայն՝ Քոչարյանի աջակիցների կողմից քաղաքացիական ակտիվիստ Գասպարին ջրով լի շշով հարված էր ստացել դեմքին: Դեպքի առթիվ կային բերման ենթարկվածներ, որոնցից մեկն, ըստ տեղեկությունների, «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանն է, ով, սակայն, հերքել էր, որ ինքը հարվածել է Գասպարիին։ 

 

Սրա վերաբերյալ իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել նաև ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը․ «Հին ավանդույթները տեղ չունեն նոր Հայաստանում: Ազատություն ռադիոկայանի տեսանյութում հստակ երևում է, թե ինչպես է Քոչարյանի աջակիցների կողմից Գասպարին ջրով լի շշով հարված ստանում դեմքին: Քոչարյանի աջակիցները խլում են Գասպարիի ցուցապաստառը, իսկ հետագայում լրագրողի հարցին նրանցից մեկը բառացի ասում է՝ լավ եմ արել, եթե որևէ մեկը նման պաստառով գա այստեղ, անձամբ կջարդեմ ու կտամ գլխին: Կապի մեջ եմ Գասպարիի հետ, նա արդեն հանցագործության մասին հաղորդում է տվել: Անձամբ հետևելու եմ այս գործի ընթացքին: Բռնությունը զզվելի է՝ անկախ նրանից, թե այն ում նկատմամբ է կիրառվում», - ասված էր նրա գրառման մեջ: