Մայիսի 18-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ մի երիտասարդ կյանքին վերջ տալու նպատակով Արմավիր քաղաքի՝ ժողովրդին հայտնի «Կարմիր կամուրջից» փորձում է իրեն ցած նետել:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, նշված վայր է ժամանել ոստիկանության Արմավիրի բաժնի օպերատիվ խումբը: Ոստիկանները՝ բաժնի պետի գլխավորությամբ, կարողացել են համոզել քաղաքացուն, ով անցել էր կամրջի վտանգավոր եզրագիծը, որպեսզի չդիմի ծայրահեղ քայլի:
Աղբյուրի տեղեկություններով՝ այդ քաղաքացին Շիրակի մարզում հաշվառված, սակայն ժամանակավորապես Արմավիր քաղաքում բնակվող 29-ամյա Մ.Ս.-ն է: Նա աշխատում է Արմավիր քաղաքի ավտոլվացման կետերից մեկում և այդ կետի սեփականատեր, Արմավիր քաղաքի բնակիչ, 40-ամյա Ռոլանդ Հովհաննիսյանը մերժել է նրա խնդրանքը՝ դուրս գալ աշխատանքից: Ռ. Հովհաննիսյանը ծեծի է ենթարկել Մ.Ս.-ին, ինչի պատճառով վերջինն, իրեն նվաստացած զգալով, փորձել է, կամրջից ցած նետվելով, ինքնասպան լինել: