Վերջին մեկ տարվա իրադարձությունները շարունակաբար ի ցույց են դնում, որ ՀՀ-ում ինչպես չի եղել, այնպես էլ չկա ժողովրդի վստահությունը վայելող դատական իշխանություն: Եկել է ՀՀ դատական համակարգում վիրահատական միջամտություններ իրականացնելու ժամանակը: Այս մասին այսօր, ժողովրդին ուղերձով դիմելով, հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա թվարկեց քայլերի հետևյալ հաջորդականությունը.
1. ՀՀ-ում գործող բոլոր դատավորների մասին հանրությունը պետք է ամբողջական տեղեկատվություն ունենա՝ դատավորի ունեցած քաղաքական կապերի, ծագումնաբանության, գույքային վիճակի, դատավորի կարգավիճակում ու նախորդ ժամանակաշրջանում ծավալած գործունեության, անհատական և պրոֆեսիոնալ հատկանիշների:
2. ՄԻԵԴ որոշումներով հաստատված քաղաքական, իրավական կոպիտ խախտումներով դատավճիռների հեղինակ բոլոր դատավորները պետք է հրաժարական տան, հեռանան կամ հեռացվեն պաշտոններից:
3. Բոլոր այն դատավորները, որ իրենց ներսում գիտեն, որ չեն կարող լինել անաչառ ու օբյեկտիվ դատավորներ, պետք է հրաժարական տան՝ այդպիսով կարևոր ծառայություն մատուցելով ՀՀ-ին և ՀՀ ժողովրդին:
4. Անցումային արդարադատության մեխանիզմների ներդրումը կենսական անհրաժեշտություն է ՀՀ համար, մենք պետք է մեկ-երկու ամսվա ընթացքում ամփոփենք վերջին 7-8 ամիսներին այս ուղղությամբ կատարված աշխատանքները: