ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի եւ Հայաստանում Իտալիայի Հանրապետության Արտակարգ եւ լիազոր դեսպանի ներկայությամբ այսօր՝ մայիսի 21-ին, Իտալիայի եկամուտների գործակալության ղեկավարի տեղակալ Պաոլո Բարբանտինին եւ ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր` «Հարկային տեսուչներ առանց սահմանների» ծրագրի շրջանակում Պետական եկամուտների կոմիտեին տեխնիկական աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ: Այս մասին NEWS.am–ին հայտնում են ՀՀ ՊԵԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, կարեւորելով երկու երկրների միջեւ համագործակցությունը, նշել է, որ կոմիտեի ռազմավարության առանցքային ուղղություններից է առաջավոր երկրների հարկային ծառայությունների հետ ակտիվ գործընկերությունը, ինչն օգնում է ճշգրիտ վերհանել մարտահրավերները եւ արդյունավետորեն աշխատել բարելավման ուղղությամբ:
Երկու երկրների միջեւ հաստատված համագործակցության շնորհիվ ՊԵԿ-ում ոլորտային բարեփոխումներ են իրականացվելու։ Քրեական հետաքննության եւ տրանսֆերային գնագոյացման ոլորտներում հսկողության գործիքների կիրառման լավագույն փորձն ունեցող Իտալիայի հարկային մասնագետները 18 ամիսների ընթացքում ներգրավվելու են Հայաստանում իրականացվող ստուգումներում եւ հարկային հսկողության գործընթացներում՝ գործառույթները բարեփոխելու նպատակով:
«Մենք Հայաստանին ենք փոխանցելու Իտալիայի փորձը 3 հիմնական ոլոտներում` տրանսֆերային գնագոյացում, ագրեսիվ հարկային պլանավորում եւ քրեական հետաքննություն: Գործնական աջակցությունը լավագույն ուղին է` բարելավելու հարկային ծառայությունների կարողությունները: Կարծում եմ` ժամանակակից հարկային ծառայությունը պետք է կարողանա պայքարել հարկերից խուսափելու դեմ, բայց միաժամանակ օգնել այն հարկ վճարողներին, ովքեր պատրաստակամ են կատարելու հարկային պարտավորությունները: Հետեւաբար բոլոր հարկ վճարողների նկատմամբ հավասարակշռված մոտեցումը կարեւոր է»,-ընդգծել է Իտալիայի եկամուտների գործակալության ղեկավարի տեղակալ Պաոլո Բարբանտինին` տեղեկացնելով, որ հայ գործընկերների հետ նաեւ ծրագրից դուրս փորձի փոխանակում է կատարվելու:
«Իտալիան շատ զարգացած է տնտեսական հանցագործությունների բացահայտման ոլորտում եւ վերլուծական, իրավական, օրենսդրական հզոր դաշտ ունի: Հետեւաբար, սերտ եւ շարունակական համագործակցություն է սպասվում իտալացի գործընկերների հետ, ովքեր, իրենց հերթին, ցանկություն են հայտնել ծանոթանալու էլեկտրոնային կառավարման համակարգի վերաբերյալ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի փորձին»,-նշել է ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը:
Արդեն մայիսի 22-ից աշխատանքային քննարկումներ են մեկնարկելու ինչպես ՊԵԿ համապատասխան ստորաբաժանումների, այնպես էլ ոլորտային առանձնահատկություններից ելնելով` շահագրգիռ գերատեսչությունների հետ։
Քրեական հետաքննության ոլորտին վերաբերող աշխատանքային քննարկումների նպատակով փորձագետների եւ ՊԵԿ մասնագետների հետ համատեղ հանդիպումներ են նախատեսված ՀՀ գլխավոր դատախազության, Հատուկ քննչական ծառայության, Քննչական կոմիտեի, Ազգային անվտանգության ծառայության, Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության եւ Կենտրոնական բանկի հատուկ դիտարկումների կենտրոնի ներկայացուցիչների միջեւ։ Քննարկումները ՊԵԿ-ի կողմից ղեկավարելու է կոմիտեի նախագահի տեղակալ Ռուստամ Բադասյանը, եւ վերաբերելու են հարկային ու ֆինանսական այլ հանցագործությունների միջեւ կապին, ինչպես նաեւ ֆինանսական հանցագործությունների հակազդման նպատակով գերատեսչությունների միջեւ համագործակցությանը:
Հիշեցնենք, որ 2019թ. փետրվարի 27-28-ը ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի գլխավորած պատվիրակությունն այցելել էր Իտալիա` քննարկելու «Հարկային տեսուչներ առանց սահմանների» ծրագրի շրջանակում համագործակցությանն առնչվող հարցերը:
Նշենք, որ մայիսի 21-ից 24-ը աշխատանքային այցով Հայաստանում են Իտալիայի եկամուտների գործակալության պատվիրակությունը եւ Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) փորձագետները: