Եթե պետք է Ռոբերտ Քոչարյանին ազատեին ու դրա համար այդ ակցիան տեղի ունենար, դա տեղին չէր։ Նման կարծիք NEWS.am–ի հետ զրույցում հայտնեց ԱԺ պատգամավոր Վարդան Ղուկասյանն՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի կոչով դատարանների մուտքերը և ելքերն արգելափակելու երեկվա գործողություններին։
Պատգամավորը կարծիք հայտնեց, որ դատական համակարգը վերափոխման կարիք ունի, սակայն ոչ այդ եղանակով։
«Ես դեմ եմ, որ Ռոբերտ Քոչարյանի վրայով նման ակցիաներ անեին, իսկ այն որ դատական համակարգը հիմնականում պետք է փոխվի, դա փաստ է»,–նշեց նա։
Հիշեցնենք, որ մայիսի 20–ի առավոտից Նիկոլ Փաշինյանի հրահանգով քաղաքացիները արգելափակել էին Հանրապետության բոլոր դատարանների մուտքերը և ելքերը։ Կեսօրին վարչապետը կառավարությունում խորհրդակցություն անցկացրեց դատական համակարգում տիրող իրավիճակի կապակցությամբ և ասաց, որ եկել է «վիրահատական միջամտություններ» իրականացնելու ժամանակը։