Դեմ ենք Նազենի Ղարիբյանին որպես օպերային թատրոնի կառավարման խորհրդի նախագահի: Այդ մասին ասվում է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի կոլեկտիվի հայտարարությունում:
«Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մայիսի 27-ին, ժամը՝ 14:00-ին, տեղի կունենա աշխատանքային կոլեկտիվի ժողով, որին հրավիրվում են Թատրոնի կառավարման խորհրդի անդամները:
Ինչպես հայտնի է ս. թ. մայիսի 22-ին կայացել է «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կոլեգիալ կառավարման մարմնի խորհրդի հերթական նիստը՝ թատրոնի կառավարման խորհրդի նախագահի և քարտուղարի ընտրության օրակարգով: Տեղի է ունեցել քվեարկություն, որի արդյունքների վերաբերյալ Թատրոնի կոլեկտիվը միանգամայն հիմնավոր և արդարացի անհամաձայնություն ունի: Ժողովին հրավիրվում են նաև լրատվամիջոցների ներկայացուցիչները: Լրագրողների մուտքը Օպերային թատրոնի ծառայողական անցակետից»,-ասվում է հայտարարությունում:
Նշենք, որ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնն կառավարման խորհրդի նոր նախագահ եւ քարտուղար ունի։ Այս մասին հայտնում է Մշակույթի նախարարությունը։
«Ղեկավարվելով «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպության կանոնադրության 43 կետի զ ենթակետով՝ ս. թ. մայիսի 22-ին կայացել է «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպության կոլեգիալ կառավարման մարմնի խորհրդի հերթական նիստը՝ թատրոնի կառավարման խորհրդի նախագահի եւ քարտուղարի ընտրության օրակարգով:
Քվեարկության արդյունքներով՝ «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպության կառավարման խորհրդի նախագահ է ընտրվել ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը, իսկ թատրոնի բալետի արտիստ Սերգեյ Սաֆարյանն ընտրվել է խորհրդի քարտուղար»,–ասված է նախարարության տարածած հաղորդագրությունում:
Հիշեցնենք , որ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը դատի է տվել վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ Նազենի Ղարիբյանին։ Դատական տեղեկատվական համակարգում նշված է, որ նա պահանջում է անվավեր ճանաչել վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Մշակույթի նախարարի պարտականությունները ժամանակավորապես Նազենի Ղարիբյանի վրա դնելու մասին» թիվ 24-Ա որոշումը եւ Ն. Ղարիբյանի «Հարրի Կոնստանտին Օրբելյանի լիազորությունները դադարեցնելու մասին» մարտի 3-ի հրամանը։