«Համազգային թատրոնը բացվել է 1991թ.-ին, երբ Սոս Սարգսյանը կուրս չի ունեցել։  Նազենի Ղարիբյանը երևի լավ չգիտի, որ Համազգային թատրոնի այսօրվա կազմից ոչ բոլորն են նրա ուսանողները․ Շահում Ղազարյանը, Մայիս Կարագյոզյանը և շատ ու շատ մեծանուն դերասաններ նրա ուսանողները չեն եղել։ Սա ասում եմ ի գիտություն Նազենի Ղարիբյանի, և ասել, թե կուրսի հենքի վրա է ստեղծվել Համազգային թատրոնը՝ ամենաքիչը՝ չիմացության արդյունք է»,- ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արման Նավասարդյանը՝ անդրադառնալով Մշակույթի նախարարության ենթակայությամբ գործող ՊՈԱԿ-ների լուծարման, վերակազմավորման և վերակազմակերպման առաջարկին, ինչպես նաև մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի հայտարարությանը, թե «Համազգային թատրոնի միակ առանձնահատկությունը Սոս Սարգսյանի կողմից հիմնված լինելն է, և դերասանական կազմը մի կուրսից է եղել»

Նկատենք, որ Մշակույթի նախարարության առաջարկած ցուցակի մեջ որպես «Սոս Սարգսյանի անվան համազգային պետական  թատրոն»  ՊՈԱԿ-ի լուծարման  հիմք՝ նշված է՝ թատրոնը գործում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի շենքում, իրականացվող գործառույթները համընկնում են այլ թատերական կազմակերպությունների գործառույթների հետ: Առաջարկվում է լուծարել և ներառել նշված ինստիտուտի կազմում՝ որպես թատերական գործունեության իրականացման ուսանողական և փորձարարական հարթակ:

«Ի՞նչ է նշանակում Համազգային թատրոնը գործում է թատերական ինստիտուտի շենքում ուրեմն գործառույթները համընկնում են։ Համազգային  թատրոնը գործել է նաև լրագրողների տան շենքում, ասել, թե գործառույթները համապատասխանում են, թատրոնը միացնել լրագրողների՞ն։ Սա ի՞նչ ասելու բան է, ինչպե՞ս մտածեցին նման բան։ Մենք շատ հարմար, բարիդրացիական հարաբերություններով ապրել ենք այսքան տարի, էդ ի՞նչ ուսանողական ներկայացում ենք վերցրել մեր խաղացանկի մեջ, որ գործառույթները համապատասխանում են»,- ասաց Համազգային թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը։
 
Նավասարդյանի խոսքով՝ Նազենի Ղարիբյանը հարցազրույցներից մեկում Համազգային թատրոնին «մեղադրել է» կուսակցականացված լինելու մեջ․ «Համազգային թատրոնը հիմնադրման օրվանից ոչ կուսակցությանն է քաջալերել, քարոզել, ոչ էլ կուսակցության պատվերով կամ թեմայով որևէ պիես է բեմադրել։ Որտե՞ղ տեսան Հայ Յեղափոխական դաշնակցության լոգոն կամ գաղափարախոսությունը Համազգային թատրոնի մեջ։ Թող ապացուցեն՝ որտե՞ղ են տեսել նման բան։

Նազենի Ղարիբյանը վերջին անգամ ե՞րբ է եղել Համազգային թատրոնում, որ տեսնի՝ մենք ժանրային առանձնահատկություն ունեք, թե ոչ։ Այո՛, մենք երկու տարի է՝ անցել ենք սարսափ ժանրի, թող գար և տեսներ, որ մենք սարսափ ժանրի պիեսներ ենք բեմադրում»,- սարկազմով նշեց Նավասարդյանը՝ ավելացնելով, որ սա ոլորտին և Համազգային թատրոնի կենսագրությանն ու պատմությանը չտիրապետելու արդյունք է միայն։

Ըստ Նավասարդյանի՝ ՊՈԱԿ-ները լուծարելու մասին կազմված առաջարկությունը Նազենի Ղարիբյանը ներկայացրել է կառավարությանը․ «Հույս ունեմ՝ պատկան մարմինները խելամիտ կգտնվեն, եզրափակիչ լուծում կտան և կասեն՝ հանգի՛ստ նստեք տեղներդ։ Չի կարելի էս տեսակ ջարդ անել։ Ամեն թատրոն ունի իր հանդիսատեսը, սա ոտնձգություն է նաև հանդիսատեսի հանդեպ։ Նազենի Ղարիբյանը չի հասկանում Համազգային թատրոնի էությունը, գործունեությունը, համազգային բառի նշանակությունը»,- ասաց նա՝ խորհուրդ տալով խոսելուց առաջ ընդամենը մտածել։

Սոնա Հարությունյան