Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը նույն թատրոնի գեղարվեստական ղեկավար, կինոռեժիսոր, դերասան, սցենարիստ, պրոդյուսեր Վիգեն Չալդրանյանն է: Թատրոնի տնօրենը կընտրվի մրցույթի միջոցով: Այս մասին օգոստոսի 30-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:
«Քանի որ Համազգային թատրոնի նախկին տնօրեն Վարդան Մկրտչյանն այժմ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն է նշանակվել, Համազգային թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի գործառույթներն այժմ կատարում է Վիգեն Չալդրանյանը: Առաջիկայում կանցկացվի մրցույթ, որի արդյունքում կվորոշվի, թե ով է տնօրինելու թատրոնը»,- նշեց Ամիրյանը:
Անդրադառնալով Համազգային թատրոնի շենքի հարցին` նախարարը շեշտեց, որ ՀՀ մշակույթի նախարարությունը ՀՀ քաղաքաշինության, ՀՀ կրթության և գիտության նախարարությունների հետ համատեղ այդ կապակցությամբ հետաքրքիր որոշում են կայացրել, որի մասին բարձրաձայնել են:
«Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի հարևանությամբ գտնվող շենքը ամբողջությամբ կվերակառուցվի, կվերանորոգվի ու կտրամադրվի Համազգային թատրոնին: Այն տարածքը, որն այսօր զբաղեցնում է թատրոնը, կմնա Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտին»,-եզրափակեց Արմեն Ամիրյանը:
Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնը հիմնադրվել է 1991 թվականին, Երևանում, Սոս Սարգսյանի նախաձեռնությամբ: Թատրոնի հիմնադրման, ճանաչման և զարգացման գործում մեծ ավանդ ունեն այնպիսի արվեստագետներ, ինչպիսիք են՝ Մայիս Կարագյոզյանը, Շահում Ղազարյանը, Հրաչյա Գասպարյանը, Գալյա Նովենցը, Դավիթ Հակոբյանը, Կարինե Ջանջուղազյանը, Միքայել Պողոսյանը, Աննա Էլբակյանը, Նելլի Խերանյանը, Տիգրան Ներսիսյանը և այլք։
2003 թվականին ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանիղեկավարությամբ կառավարությունը որոշում ընդունեց թատրոնին տալ պետական կարգավիճակ՝ վերանվանվելով այն Պետական Համազգային Թատրոն։ 2009 թվականից թատրոնը տնօրինում էր Վարդան Մկրտչյանը։