Սեպտեմբերի 28-ին Մոսկվայում տեղի է ունեցել Եվրասիական Տնտեսական Հանձնաժողովի ներկայացուցիչների առաջին միասնական ժողովը, որի ընթացքում որոշում է կայացվել «ԱՊՀ Ձկնաարդյունաբերողների միություն» ստեղծելու մասին, ինչպես նաև միաձայն որոշվել է որպես նորաստեղծ այդ Միության կառավարման խորհրդի նախագահ նշանակել Անդրանիկ Նիկողոսյանին, հաշվի առնելով վերջինիս հմուտ, հաջող և արդյունավետ գործունեությունը և կառավարման փորձը, որպես «Царское Озеро» պետական նախագծի ղեկավար: Այս ամենի շուրջ փորձեցինք մանրամասներ ստանալ Անդրանիկ Նիկողոսյանից:

 

- Պարոն Նիկողոսյան, նախ թույլ տվեք շնորհավորել Ձեզ նոր նշանակման կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք: Կխնդրեինք, որ ներկայացնեիք թե ինչ է նախատեսվում իրականացնել նման խոշորամասշտաբ նոր տնտեսական նախագծի շրջանակներում, որը ընդգրկելու է ԱՊՀ ամբողջ տարածքը: Այս նախագծում ինչքանով է ներգրավված լինելու Հայաստանը և ինչ հեռանկարներ են սպասվում:


- Շնորհակալ եմ շնորհավորանքի և բարեմաղթանքի համար: Ես՝ լինելով ազգությամբ հայ և տիրապետելով բազմաթիվ կապերի և ռեսուրսների թե Ռուսաստանում, թե Հայաստանում և թե ԱՊՀ երկրներում, իմ համար մշտապես առաջնահերթ է եղել և մնում հայրենիքիս՝ Հայաստանի զարգացմանն ուղղված գաղափարների և նախագծերի իրականացումը: Այս նոր նախագծից բնականաբար անմասն չի մնա Հայաստանը, ավելին' Հայաստանի հետ կապված ծրագրերը ավելի առաջնային և լայն բնույթ են կրում: Վերջին երկու շաբաթվա ընթացքում Հայաստանում նշանակվեց նոր վարչապետ, ձևավորվեց նոր Կառավարություն, որի գործունեության հիմնական ուղղվածությունը հիմնված է պետության տնտեսության զարգացման և բարելավման վրա: Նորանշանակ վարչապետը հայտարարեց, որ նոր Կառավարությունը պատրաստ է իր վրա ստանձնել զարգացման պարտավորությունները և այդ շրջանակներում պատրաստակամ է նաև բաց և բազմակողմ համագործակցություն ծավալել բոլոր այն կառույցների և կողմերի հետ ովքեր հանդես կգան տնտեսության զարգացմանն ու բարելավմանն ուղղված նախագծերով և առաջարկություններով:

 

Ես կարևորում եմ Հայաստանի Կառավարության այս պատրաստակամությունը և առաջիկայում՝ ԱՊՀ Ձկնաարդյունաբերողների Միության ծրագրերի շրջանակներում, ես նախատեսում եմ Ռուսաստանի 10 խոշորագույն հիպերմարկետների, ռուսական 3 խոշորագույն բանկերի ղեկավար կազմերի և մեկ նահանգապետի հետ միասին բարձր մակարդակի այցելություն իրականացնել Հայաստանի Հանրապետություն, որի ընթացքում կկայանան հանդիպումներ Կառավարության, Գիտությունների Ազգային Ակադեմիայի և շահագրգիռ այլ կառույցների ներկայացուցիչների հետ ու տեղի կունենան բանակցություններ Հայաստանում մեծածավալ ներդրումներ իրակակացնելու, տնտեսական համագործակցության խորացման ու զարգացման հարցերի շուրջ: Նշեմ նաև, որ այդ այցը արդեն իսկ համաձայնեցված է Ռուսաստանի Դաշնության Կառավարության հետ, ինչը ես կարևոր խթան եմ համարում:

 

Որպես ԱՊՀ Ձկնաարդյունաբերողների Միության կառավարման խորհրդի նախագահ և Հայաստանի զարգացման հարցերով մտահոգ հայ, ես համոզված եմ, որ մենք Հայաստանի Կառավարության հետ համագործակցելով 2017 - 2018 թվականների ընթացքում մեծածավալ աշխատանքներ կիրականացնենք տնտեսության ձկնաարդյուաբերության ոլորտի զարգացման գործում և համապատասխան պայմաններ կստեղծենք Հայաստանում ներդրումներ և ծրագրեր իրականացնելու համար: Այս ամենի համատեքստում հաշվի առնելով նաև Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին, իմ կողմից առաջարկվող ծրագրերի և նախագծերի շնորհիվ առավել լայն դաշտ կստեղծվի Եվրասիական Տնտեսական Հանձնաժողովի և ԵԱՏՄ-ի մյուս ենթակառուցվածքների հետ համագործակցության համար:

 

Հաշվի առնելով Հայաստանում և ԱՊՀ մյուս երկրներում ձկնաարդյուաբերության ոլորտի մասնագետների պակասը, նախատեսվում է, որ Հայաստանում կստեղծվի համապատասխան ուղղվածության գիտահետազոտական կենտրոն, կհիմնվի ձկնաարդյուաբերության ոլորտի միջին մասնագիտական կրթություն և վերապատրաստում իրակակացնող կրթական կենտրոն, որը կլուծի այդ ոլորտի տեխնոլոգներ և մասնագետներ ունենալու խնդիրը: Կստեղծվի նաև համակցված ձկնակերի արտադրամաս: Աջակցություն կցուցաբերվի և համագործակցություն կծավալվի արդեն իսկ գործող ձկնաբուծական տնտեսությունների հետ, ինչպես նաև կստեղծվեն նորագույն տեխնոլոգիական հագեցվածությամբ նոր համալիրներ, որոնց ընդհանուր և միասնական գործունեությունը կհամակարգվի մեկ կենտրոնի կողմից:

 

Այս ամենը իրենից ենթադրում է 2017 - 2018 թվականների ընթացքում Հայաստանում 5000 նոր աշխատատեղերի ստեղծում, 1 մլրդ ԱՄՆ դոլարի չափով ներդրումների իրականացում և 15.000 տոննա հայկական իշխան և թառափ ձկատեսակների արտահանում: Քայլեր կձեռնարկվեն ԱՊՀ-ի և ԵԱՏՄ-ի շրջանակներում արտադրանքի միասնական սպառմումը ապահովելու համար:

 

Հաշվի առնելով նաև Հայաստան - ԵՄ, Հայաստան - ԵԱՏՄ տնտեսական հարաբերությունները, առանձնահատկությունները, արտոնությունները և տարածաշրջանային զարգացումներն ու հնարավոր շահավետ փոխգործակցության հեռանկարները, մեծ հնարավարություններ են բացվում այս տնտեսական ճյուղի հետագա զարգացման և ընդլայնման համար: