Ադրբեջանն անդառնալիորեն բաց թողեց հնարավորությունը Եվրոպայի լիգայի եզրափակչի միջոցով կյանքի կոչելու սպորտը քաղաքականությունից տարանջատելու իր հանձնառությունը: Այս մասին ամերիկյան CNN-ին տված մեկնաբանության մեջ ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը՝ անդրադառնալով խնդրին, որ անբավարար անվտանգության երաշխիքների պատճառով «Արսենալ»-ի կազմում Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցի Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպմանը, որը տեղի կունենա Բաքվում:
«Ադրբեջանական հասարակությունում և մամուլում հայերի նկատմամբ ռասիստական դրսևորումների հանդեպ հանդուրժողականությունը և անվտանգության բացահայտ ռիսկերը անհնարին դարձրեցին «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի` իր թիմի հետ Բաքու մեկնելը:
Եվրոպայի լիգայի եզրափակիչը կարող էր լավ հնարավորություն լինել Ադրբեջանի համար՝ կյանքի կոչելու իր իսկ կողմից ստանձնած հանձնառությունը՝ տարանջատել սպորտը քաղաքականությունից, ինչպես նաև ի ցույց դնել հանդուրժողականության և ոչ խտրական վերաբերմունք ցուցաբերելու իր կարողությունը։ Այս հնարավորությունը անդառնալի կերպով բաց թողնվեց»,- նշել է Նաղդալյանը։
Ուշագրավ է, որ ադրբեջանական կողմը պնդում է, թե տրամադրել է բոլոր հնարավոր երաշխիքները, որպեսզի Մխիթարյանը մասնակցի Բաքվում կայանալիք եզրափակչին: Ադրբեջանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Ազադ Ռահիմովը նույն CNN-ի հետ զրույցում անգամ հեգնել էր՝ ասելով. «Ի՞նչ հավելյալ երաշխիքներ են պետք: Ավելին քան երաշխի՞ք: Ավելի քան 100 տոկո՞սը: Մենք արել ենք հնարավոր ամեն բան: Ուրիշ ի՞նչ պետք է անեինք: Մասնավոր ինքնաթի՞ռ ուղարկեինք: Ուղեկցեինք F16 ռազմական կործանիչներով կամ ռազմանավերո՞վ»:
Ֆուտբոլային վերլուծաբանների կողմից հնչել են անգամ հանդիպումը երկու ակումբների կողմից բոյկոտելու առաջարկներ: