Օրեր առաջ, Ազատության հրապարակում տեղի ունեցած հավաքի ընթացքում, սպառնալիքներ էին հնչել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հասցեին: Մասնավորապես` կազմակերպիչներից Ջիվան Աբրահամյանը (ՀՀ Ազգային հերոս Ջիվան Աբրահամյանի եղբորորդին) հայտարարել էր, որ «քարով կցխի Արցախի նախագահ Բակո Սահակյանի գլուխը», եթե ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին ընդունեն Արցախում։

Լրագրողների հետ զրույցում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը դատապարտելի համարեց նման գործողությունները. «Մեր խմբակցության առանձին պատգամավորներ բավականին կոշտ են արձագանքել այդ կոչերին և ես նույնպես միանշանակ դատապարտում եմ: Ես կարծում եմ, որ ցանկացած բռնության կոչ դատապարտելի է»,-ասաց նա: Արուսյակ Ջուլհակյանը նշեց, որ ոստիկանությունը նման կոչեր հնչեցրած երիտասարդի` Ջիվան Աբրահամյանի գործով արդեն զբաղվում է: Նրա խոսքով` վտանգ չի տեսնում այս պարագայում, քանի որ իրավապահներն իրենց տեղում են և կարող են կանխել:

ԼՈւՐԵՐ.com-ի դիտարկմանը, թե Մանվել Գրիգորյանի դեմ ուղղված բողոքի ակցիաների կազմակերպիչը ևս Ջիվան Աբրահամյանն էր, և այդ ցույցերը կարծեք թե ավարտվեցին հօգուտ բողոքավորների, չի կարծո՞ւմ, որ դրա հետևանքով է շարունակական լինում նրա բողոքի ցույցերը, բռնության կոչերը, որին բազմաթիվ մարդիկ են միանում, այդ առումով վտանգ չի՞ տեսնում, պատգամավորը պատասխանեց. «Այսպես ասեմ. ՀՀ-ում պաշտպանված է բողոքների ազատության իրավունքը, ինչպես նաև սահմանադրական բոլոր այլ իրավունքները:

Եթե մարդիկ իրենց ազատ բողոքի իրավունքն իրացնելիս հանդես են գալիս նաև բռնության կոչերով, հակաիրավական գործողություններով, ապա իրավապահ մարմինների կողմից դրան հստակ պատասխան և արձագանք պետք է տրվի: Քաղաքական ուժերը ևս պիտի դրան քաղաքական գնահատական տան»,-ասաց Արուսյակ Ջուլհակյանը: Ամփոփելով իր խոսքը, պատգամավորը նշեց, որ քննարկումների տեղիք տված երկու միլիոն արժողությամբ բեմը, որից նրանք ելույթ էին ունենում` իր համար էլ էր զարմանալի. «Մեր խմբակցությունն այդ հավաքի հետ որևէ կապ չունի. ենթադրում եմ, որ նախորդ օրերի միջոցառումներից դեռ մնացած բեմ էր, կամ մայիսի 28-ի համար են նախապատրաստում: Ինձ համար շատ զարմանալի էր, բայց, անկեղծ ասած, հետքերով չեմ գնացել, որ պարզեմ»,-եզրափակեց նա:

Սիլվի Տիգրանյան