«Մեր հանրահավաքի արդյունքում համոզվեցինք, որ իրոք լրջանալու տեղ ունեն իշխանությունները և պետք է լրջանան: Այդ առումով հասարակությունը ևս նրանց լրջանալու կոչեր է անում»,- ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ տվեց հանրահավաքը ՀՅԴ-ին:
Գեղամ Մանուկյանը ՀՅԴ հանրահավաքի ժամանակ հարց էր բարձրացրել՝ բանակում չծառայածնե՞րը պետք է քննեն Ապրիլյան պատերազմի հանգամանքները: Այս հայտարարությունն այսօր Սարդարապատում մեկնաբանեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, նա, մասնավորապես, ասաց. «Բանակում չծառայած լինելը պետք է քիչ օգտագործել, որովհետև մենք ունենք տասնյակ հազարավոր նման մարդիկ, որոնք մեր կառույցներում աշխատում են: Ես բանակում ծառայել եմ, չգիտեմ՝ Գեղամ Մանուկյանը ծառայել է, թե՞ ոչ: Դա պետք է ստուգել: Եթե ինձ առաջարկեն այդ ստուգող հանձնաժողովում լինել, ես կհամաձայնեմ»:
Գեղամ Մանուկյանի պատասխանն այս մեկնաբանությանը՝ չուշացավ, ԱԺ փոխնախագահի հայտարարությունից մի քանի ժամ անց ֆեյսբուքյան էջում նա արձագանքեց.
«Առավոտվանից լրագրողները դիմում են Ալեն Սիմոնյանի հայտարարության առիթով։ «Զեկուցեմ» նրան։ Ծառայել եմ, տարիքի բերումով նաև շատ վաղուց՝ Խորհրդային բանակում, ռազմաօդային ուժերում։ Բայց դա էլ էական չէ։ Բանակում երկամյա ծառայությունը երբվանի՞ց հիմք դարձավ ռազմական, ստրատեգիական քննության մասնակցելու համար։ Այս տրամաբանությամբ նորերը միանգամից կարող են հավակնել գեներալ ու զորամիավորման հրամանատար դառնալուն»,- գրել է նա:
Սիլվի Տիգրանյան