Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում անդրադարձավ տնտեսական ցուցանիշներին և ընդգծեց, որ այս տարվա առաջին չորս ամիսների տվյալներով՝ Հայաստանում տնտեսական զարգացումը տեղի է ունենում դրական ու լավատեսական դինամիկայով: Վարչապետը նշեց, որ ապրիլին ունենք 9,2 տոկոս տնտեսական ակտիվության աճ։
«Եթե այս ցուցանիշը համադրում ենք առաջին եռամսյակի ամփոփված տվյալների հետ, համախառն ներքին արդյունքի 7,1 տոկոս աճ ենք ունենում: Մեր խնդիրն է, ինչպես և նախանշել էինք, հասցեական, ճշգրիտ կապիտալ ծախսերի միջոցով խթանել այս լավ տրամադրությունը ու կարողանալ ավելի լավ ցուցանիշների հասնել»,-ասաց վարչապետը։
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 13, 2 տոկոսով, իսկ շինարարության ոլորտում աճը ավելի քիչ է, քան սպասվում էր։
«Համոզված եմ, որ այս ցուցանիշները կլավանան, ինչու եմ համոզված, որովհետև հիպոթեքային շուկայում տիրող իրավիճակը անխուսափելիորեն բերելու է այդ արդյունքին»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետն ընդգծեց, որ առևտրի շրջանառությունն ավելացել է 9 տոկոսով, ծառայությունների ծավալն ավելացել է 16,2 տոկոսով։
«Անկեղծ ասած, այս ցուցանիշների մեջ ամենաուրախալիներից մեկն արտահանման ծավալների աճն է, երևի մեկ ամիս առաջ ինձ մոտ աշխատանքային քննարկում ունեցանք արտահանման իրավիճակի հետ կապված, որոշակի մտահոգիչ միտումներ կային ու ուրախ եմ, որ ապրիլին արդեն 9,9 տոկոսի աճ ենք արձանագրել», - ընդգծեց Փաշինյանը՝ ավելացնելով, որ միջին ամսական անվանական աշխատավարձերի աճի որոշակի դրական դինամիկա կա։
«Կարծում եմ՝ այս դինամիկան հայտարարված որոշումների համատեքստում ավելի դրական կդառնա», - ասաց վարչապետը։