Գեներալ Մանվել Գրիգորյանի կինը՝ Նազիկ Ամիրյանը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն իրեն պատկանող ծիրանի այգու այրվելու կապակցությամբ։ Այս մասին այսօր՝ հունիսի 18–ին դատարանում լրագրողների հետ զրույցում հայտարեց Նազիկ Ամիրյանը` նշելով, որ այգին ամբողջությամբ այրվել է։
Հարցին՝ դիտավորություն տեսնո՞ւմ է կատարվածում, Ամիրյանը չպատասխանեց։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ հունիսի 16–ի երեկոյան հրդեհ էր բռնկվել նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի կնոջը՝ Նազիկ Ամիրյանին պատկանող՝ Էջմիածին քաղաքի նախկին հացի գործարանի տարածքում գտնվող ծիրանի այգին:
Նշենք, որ Նազիկ Ամիրյանի և Մանվել Գրիգորյանի գործը քննվում է դատարանում։
Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, 101 մլն 232 հազար 917 ՀՀ դրամի գույք յուրացնելու, 1 մլրդ 228 մլն 176 հազար 342 ՀՀ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից 1 մլրդ 225 մլն 3 հազար 300 ՀՀ դրամ վատնելու և շորթմամբ 37 մլն 101 հազար 100 ՀՀ դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:
Նազիկ Ամիրյանը մեղադրվում է այն բանում, որ ամուսնու՝ Մանվել Գրիգորյանի, որդու՝ Արման Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել և իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր,ինչպես նաև կատարել տարբեր տեսակի հափշտակություններ։