«Իմ քայլը հանուն Տավուշի մարզի» բիզնես համաժողովով տրվում է «Ներդրեք Տավուշում» գործընթացի մեկնարկը: Այս մասին համաժողովի ընթացքում նշեց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը և տեղեկացրեց, որ գործընթացը փոքր ֆորումներով՝ լինի Հայաստանում, թե Հայաստանից դուրս, շարունակվելու է ամբողջ տարվա ընթացքում: Այս արշավի միջոցով ներկայացվելու են Տավուշի հնարավորությունները, առավելությունները, որ մարզ գալու հարցում ներդրողը համարձակ լինի:
«Մեր մարզի ամենամեծ առավելությունը մարդկային ներուժն է, մարդիկ են, ովքեր պահում են սահմանը, արժեք են ստեղծել և ստեղծում, որի շնորհիվ շարունակելու ենք զարգացումը: Կարևոր խնդիրներից է զբոսաշրջության զարգացումը, ինչի համար մենք ունենք մեծ ներուժ: Ապրելով Տավուշում՝ կարող եմ ասել, որ այստեղ հրաշալի է բնությունը, առանձնանում են գեղատեսիլ, պատմամշակութային վայրերը, մարդիկ, որոնք նոր շունչ են հաղորդում ծրագրերին»,-ասաց Տավուշի մարզպետն՝ առանձնացնելով մարզում զբոսաշրջության լուրջ հնարավորություններ ունեցող տարածքները: Նա այդ համատեքստում կարևորեց ենթակառուցվածքների զարգացումը՝ ճանապարհների, օդային փոխադրումների տեսքով:
Տավուշի մարզպետը տեղեկացրեց, որ Դիլիջանն առաջիկայում զարգանալու է ինտելեկտուալ տուրիզմի ուղղությամբ: Մասնավորապես, կրթական, մշակութային: Կրթական տուրիզմի համատեքստում մարզպետն առանձնացրեց Դիլիջանի միջազգային դպրոցը, «Այբ»-ը, «Թումո» կենտրոնը, «Արմատ» և ռոբոտաշինության խմբակներ, Ամերիկյան համալսարանի մագիստրատուրայի ծրագիրը, Գեղարվեստի ակադեմիան, Երաժշտական քոլեջը և այլն:
«Սա առաջին հերթին կոչ է, որ Սփյուռքի մեր հայրենակիցներն իրենց երեխաների կրթությունը կազմակերպեն Դիլիջանում: Համոզված եմ մեկ տարի հետո հաջող առաջխաղացում կունենանք»,-ասաց մարզպետը: