Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Օշականի «Հին ջրաղաց» պատմամշակությային կոթողը՝ Քասախ գետի ափը, վերածվել է հանգստի գոտու, ինչն առաջացրել է հանրության զայրույթն ու դժգոհությունը։
ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում Մշակույթի նախարարության Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանը նշեց, որ խնդրով զբաղվում են․ «Մի քանի օր առաջ ՊՈԱԿ-ի աշխատակիցներին հանձնարարել ենք զբաղվել խնդրով, վերջինս էլ դիմել է Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանին ապամոնտաժելու համար։ Եթե չհեռացնեն, ոստիկանության միջոցով կհեռացնենք»,- ասաց Աբրոյանը։
Օշականի «Հին ջրաղաց» հանգստյան գոտուց էլ տեղեկացրին, որ այս պահին լողավազանն ապամոնտաժվում է․ «Դա ցելոֆանով սարքած, շարժական լողավազան է, որը հանվում է»։ Հետաքրքրվեցինք՝ տաղավարները ևս ապամոնտաժվում են, այստեղից բացասական պատասխան տվեցին։ Հրաժարվեցին պատասխանել հարցին, թե ում է պատկանում հանգստյան գոտին։
Նշենք, որ Օշականի «Հին ջրաղաց» հանգստի գոտին արդեն 2 տարի է ինչ գործում է։ Պատմամշակութային օջախը հանգստի գոտու վերածած տաղավարները 15-ն են, նախատեսված՝ 15 - 60 անձի համար։ Վարձակալությունը 15 000-60 000 է՝ կախված անձանց քանակից։ Այս պահին գիշերակաց չկա, սակայն մեր զանգին պատասխանած աշխատակիցը նշեց, որ հյուրանոցը շինարարական փուլում է և 10 օրից պատրաստ կլինի։ Այստեղից փոխանցեցին նաև, որ տաղավարներ ամրագրելու համար հարկավոր է նախապես պայմանավորվել, քանի որ հատկապես ուրբաթ, շաբաթ, կիրակի օրերին պիկ է, ազատ տաղավարներ գրեթե չեն լինում։
Ինչ խոսք՝ մշակութային արժեք ներկայացնող հուշարձանի հաշվին գումար աշխատելն էլ մի բան է։ Բայց նախքան այդ պետք է փոքր-ինչ հարգալից լինել հուշակոթողների նկատմամբ, և գումարներ աշխատելուց զատ՝ մտածել նաև պատմություն ներկայացնող արժեքները անարգանքի չմատնելու մասին։
Սոնա Հարությունյան