Համացանցում արդեն մի քանի օր է՝ շարունակվում է քննարկվել #բռնության-ձայնը հեշթեգով անանուն պատմությունները: Բռնությունների մասին պատմություններին արձագանքել է նաև «Իմ քայլ»-ի պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը, ով դեմ է արտահայտվել դրանց։ Նա իր ֆեյսբուքյան էջում, մասնավորապես, գրել է․ «Երկու օր էլ ուզում էի հասկանալ, թե էս ինչն է պատճառը, որ մի քանիսը սկսել են հիշել իրենց պատմությունները: Պարզվում է՝ մենք «բռնարար» ազգ ենք ու տեղյակ չէինք էդ մասին: Բավակա՛ն է էպիզոդները ներկայացնեք որպես ազգային նկարագիր՝ հանուն ձեր գաղափարների տարածման: Չի անցնելու»։
Այդ գրառումը լայն ռեզոնանս է առաջացրել հենց Հովսեփյանի թիմակիցների կողմից, ովքեր շտապեցին հայտարարել, որ նման պահվածքը և ընդհանրապես նման մեկնաբանությունները անթույլատրելի են: Պատճառն էլ հասկանալի է. պատգամավորը սկզբունքային դիրքորոշում է արտահայտել, որին կողմ է հասարակության մեծամասնությունը, քանի որ ելնում ենք այն սկզբունքից, որ մեր հասարակության մեծամասնությունը հեղափոխություն չի արել, որպեսզի բռնաբարվի մեր ազգային ավանդական արժեհամակարգը: Որևէ մեկը չի կարող կողմ լինել բռնությանը, և այդ երևույթը միանշանակ մերժելի և դատապարտելի է, միևնույն ժամանակ դատապարտելի է մարդկանց հուզական աշխարհի հետ խաղալով քաղաքական նպատակներ հետապնդելը: Նպատակն էլ բոլորն արդեն հասկացել են. չարաբաստիկ Ստամբուլի կոնվենցիայի ընդունումն է, որով, օրինակ՝ պետք է սահմանվի երրորդ սեռ հասկացությունը: Ինքներդ պատասխանեք, արդյո՞ք դրա համար եք մեկ տարի առաջ հեղափոխություն արել…
Ինչ վերաբերվում է Սոֆյա Հոսեփյանին, ապա նա իշխանական թիմի եզակի սկզբունքային գործիչներից է, ով ժամանակին սուր հայտարարություններ արեց առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հասցեին, այնուհետև հանդգնեց հայտարարել, որ մշակույթի նախարարությունը փակելը մեղմ ասած սխալ որոշում է, հիմա էլ հանդգնում է դեմ գնալ սորոսականների Ստամբուլի կոնվենցիային, որը վերջիններս ջանք ու եռանդ չեն խնայում մեր առօրյա կյանք խցկելու համար: Իմ Քայլի ներսում շատ հստակ տարանջատում կա, և այդ տարանջատման հիմքում արժեհամակարգն է: Սասուն Միքայելյանի դեմ մեդիա արշավը նույնպես վկայում է այն մասին, որ հեղափոխության զավակները պատրաստ են անխտիր ուտել բոլոր նրանց, ովքեր կարտահայտեն մեծամասնության կարծիքից շեղվող դիրքորոշում կամ կպաշտպանեն այլ արժեհամակարգ: Նման իրավիճակ չէր նկատվում անգամ մերժված ՀՀԿ-ում, որտեղ յուրաքանչյուր պատգամավոր ուներ վարկանիշ, այո, գուցե ցածր, բայց վարկանիշ, և եթե վերջինս մեծամասնության կարծիքին հակառակ որևէ հայտարարություն էր անում, ապա չէր արժանանում նման կոշտ և կազմակերպված հակազդեցության: Իմ Քայլում կարծես թե իրավիաճակը այս առումով շատ ավելի մտահոգիչ է. ստեղծվել է մի իրավիճակ, երբ հանրությունն անգամ չի ճանաչում իր իսկ ընտրած պատգամավորների մեծ մասին, նրանք անդեմ են, նրանք չունեն վարկանիշ, պասիվ են. արդյունքում ձևավորվում է կոլեկտիվ միավոր, որում այլ կարծիք հնչեցնելը դառնում է տաբու: Արդյունքում բևեռների, թևերի միջև բաժանման գործընթացը նոր թափ է առնում՝ դառնալով առավել ակնհայտ...