Արագածոտնի մարզում այսօր՝ հուլիսի 8-ին, վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել, հնչել է կրակոց. ժամը 12։30-ի սահմաններում ոստիկաններին հաջողվել է կանխել Աշտարակ քաղաքի Երևանյան փողոցում վիճաբանություն-ծեծկռտուքը։

 

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկանները ծառայություն կատարելու ժամանակ նկատել են, որ նշված փողոցում ավտոկայանի մոտ մի քանի քաղաքացիներ իրար հետ վիճում են և միմյանց փոխադարձ հարվածներ հասցնում։ Իրավապահները հասցնում են նրանցից 3-ին վնասազերծել, որոնցից 1-ն իր մոտ եղած ատրճանակից կրակոց է արձակում։

 

Բարեբախտաբար, ոստիկանը կարողանում է վնասազերծել զինված քաղաքացուն՝ պառկեցնելով ասֆալտին:

 

Բոլոր 3-ն էլ բերման են ենթարկվում Ոստիկանության Աշտարակի բաժին։ Աշտարակի բաժին է տեղափոխվում նաև INFINITI մակնիշի 36 AM 794 համարանիշի ավտոմեքենան, որի վրա հայտնաբերվել են արնանման հետքեր։ Իսկ մյուս ավտոմեքենան դիմում է փախուստի։

 

Ոստիկանության Աշտարակի բաժնում վիճաբանության մասնակիցներից մեկին անհրաժեշտ օգնություն է ցուցաբերվել։ Բժիշկը հայտնել է, որ հնարավոր է նրան հետազոտման նպատակով տեղափոխեն հիվանդանոց։ Փաստի առթիվ Ոստիկանության Աշտարակի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։