Հանգիստ եղեք, կարող եք ամեն օր սուտ լուրեր գրել, մենք էլ ստիպված ամեն օր դատարան դիմելու փաթեթ կպատրաստենք: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը։
«Նախ այս հոդվածի լուսանկարը արվել է 2017 թվականին՝ մինչև հեղափոխությունը և, բնականաբար, ոչ Բաղրամյան 26-ում: Ի դեպ, ի՞նչն է արտառոց այդ լուսանկարում միայն վարկաբեկելու մոլուցքով բռնվածը կարող է մեկնաբանել:
Հոդվածում տեղադրված է նաև տեսանյութ, որտեղ մի աղջիկ լուսանկարել է շենքի պատերը դրսից ու ներսից և որոշ մամուլ կոչվածներ որոշել են դա կապել ինձ հետ՝ իբրև Բաղրամյան 26-ը «սարքել են զվարճանքի վայր»:
Տարբեր ժամանակներում արված հազարավոր նկարներ և սելֆիներ կան այդ շենքի ֆոնին և շենքում, որոնք արել են տարբեր առիթներով շենք մտած մարդիկ, կից տեղադրել եմ համացանցից վերցված մի քանի այդպիսի օրինակ:
Կրքոտ պար էիք ասել, հիշեցի՝ ինձ վարկաբեկելու կիրքը ձեզ հանգիստ չի տալիս, բայց ոչինչ, դուք կավելացնեք միայն իմ փաստաբանի ծանրաբեռնվածությունը:
Հանգիստ եղեք, կարող եք ամեն օր սուտ լուրեր գրել, մենք էլ ստիպված ամեն օր դատարան դիմելու փաթեթ կպատրաստենք: Զգուշացնեմ, որ հետո ստիպված եք լինելու դրանց հերքումները կայքի ու թերթի առաջին էջերում տեղադրել»,–նշել է նա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Հրապարակը» գրել էր. «Մեր ձեռքի տակ են հայտնվել տեսանյութեր, թե ինչպես են պատգամավորը ու գեղեցկուհիները կրքոտ պարում «Լա Սկալայում»։ Մեկ այլ տեսանյութում էլ Հայկ Սարգսյանին ընկերակցող գեղեցկուհիներից մեկը ցուցադրում է, թե ինչպես են շրջում ու սելֆիներ անում նախագահական նստավայրում։ Ինչպես երևում է, Հայկ Սարգսյանը նրանց էքսկուրսիայի է տարել ՀՀ նախագահի նստավայր»։