«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հայրը՝ Զարեհ Սարգսյանը, իրավապահներին բացատրություն է տվել Արաբկիրում տեղի ունեցած պայթյունի գործով: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ նա իրավապահներին հայտնել է, որ չի կարող ասել՝ արդյոք կատարվածն իրենց հետ կապ ունի, թե ոչ: «Թող իրավապահները պարզեն»,- ասել է Զարեհ Սարգսյանը: Նկատենք, որ պայթյունը եղել էր Սարգսյանին պատկանող Երեւանի Նաիրի Զարյան փողոցում գտնվող խանութ-յուղման կետի տարածքում: Այդ տարածքից փոքր-ինչ հեռավորության վրա է գտնվում պատգամավորի հայրական տունը, ու համադրելով բոլոր հանգամանքները՝ հարց է առաջանում՝ պայթյունն ուղղակի պատահականություն է եղել, թե ՔՊ-ական պագամավորի դեմ է ուղղված. գուցե մարդիկ կան, որոնք փորձել են ինչ-որ բան հասկացնել պատգամավորին կամ նրա ընտանիքի անդամներից որեւէ մեկին: Բոլոր հանգամանքները, հուսանք, իրավապահները կպարզեն:
Նկատենք, որ վերոնշյալ դեպքից տասն օր առաջ Aravot.am-ը գրել էր՝ էլեկտրոնային հաղորդագրության միջոցով անհայտ քաղաքացին ԱԻՆ-ին ասել է, թե ինքը Խոտաբիչն է եւ պատրաստ է պայթեցնել Հայաստանի բոլոր գործարանները, մետրոպոլիտենի կայարանները, օդանավակայանը, նաեւ «Սուրմալու» առեւտրի կենտրոնը: ԱԻՆ-ին էլեկտրոնային հաղորդագրություն ուղարկած անհայտ անձը նաեւ գրել է, որ կկտրի բոլոր պատգամավորների, պաշտոնյաների կոկորդը, եւ սա կանխելու համար իրեն պետք է փոխանցել մի քանի «բիթքոյններ»: Չի բացառվում, որ վերոնշյալ դեպքերը մեկը մյուսի հետ կապ ունեն: ArmLur.am-ը ավելի վաղ էր տեղեկացրել՝ ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ ժամը 05.00-ին Կոմիտասի պողոտայի եւ Փափազյան փողոցի խաչմերուկից պայթյունի ձայն է լսվել: Պայթյունից վնասվել էր Ն. Զարյան փողոցի խանութ-յուղման կետի դռան ապակին»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։