«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի 29-ամյա ղեկավար Դավիթ Կարապետյանի կենսագրական տվյալները չեն դադարում զարմացնել: Հիշենք, որ նշանակվելու օրերից նրա կենսագրությունը մի քանի ամիս բացակայեց Երեւանի քաղաքապետարանի պաշտոնական կայքէջից:
Այս անգամ «Ժողովուրդ» օրաթերթը, ուսումնասիրելով երիտասարդ թաղապետի կենսագրական տվյալները, պարզեց, որ Կարապետյանը մինչ այսօր դեռ բարձրագույն կրթություն չունի: Ավելին՝ ըստ քաղաքապետարանի պաշտոնական կայքէջում տեղադրված տվյալների՝ Դավիթ Կարապետյանը 2012 թվականից առ այսօր սովորում է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետում:
Ասել է թե՝ վարչական շրջանի ղեկավարը 8 տարի է՝ ուսանող է: Ի՞նչ է սովորում թաղապետը 8 տարի, որ չի ստացվում: «Ժողովուրդ» օրաթերթը այս հարցի պատասխանը ստանալու համար կապվեց Դավիթ Կարապետյանի հետ. «Ես ընդմիջում եմ ունեցել 3 տարի: Երկու տարի սովորել եմ, հետո 3 տարի ընդմիջում տվել ու նորից շարունակել: Այս պահին չորրորդ կուրսում եմ. քանի որ հեռակա է, այն տեւում է հինգուկես տարի»:
Նշենք, որ Դավիթ Կարապետյանը համայնքի ավագանու ընտրություններին Մալաթիայում համակարգել է ՔՊ-ի շտաբի աշխատանքները, իսկ մինչ այդ աշխատել է «շաուրմայանոցում»:
Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Դավիթ Կարապետյանը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնին հայտնվել է միմիայն իր ազգական, Երեւանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանի շնորհիվ:
Պարզվում է՝ Հայկ Սարգսյանը Դավիթ Կարապետյանի հայրիկի մորաքրոջ որդին է, որին, ինչպես մեր աղբյուրներն են պնդում, վերջինս «հոպար» է ասում: Ինչ խնդիր ունենում է Դավիթ Կարապետյանը, անմիջապես հեռախոսով կապ է հաստատում հենց Հայկ Սարգսյանի հետ:
Հավելենք, որ ինքը՝ Դավիթ Կարապետյանը, մեզ հետ զրույցում «ուրացավ»՝ չխոստովանելով իր եւ Հայկ Սարգսյանի ազգակցական կապի մասին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում