ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը այսօր կայացած ասուլիսի ընթացքում ամփոփ տվյալներ է ներկայացրել, որոնք առաջին հայացքից միայն լավատեսություն են ներշնչում: Օրինակ՝ հարկային եկամուտները գերակատարվել են 63 միլիարդ դրամով: Մինչդեռ պարզ է, որ հավաքագրվող հարկային եկամուտների աճը պայմանավորված է եղել ԱԱՀ-ի և գրանցված աշխատակիցների թվաքանակի ավելացմամբ, նոր սերնդի ՀԴՄ-ների ներդրմամբ, սակայն շահութահարկի գծով 94.5% անկում է գրանցել: Այս միջոցառումները կարող են հարկային եկամուտների աճ ապահովեն կարճաժամկետ հատվածում, մինչդեռ միջնաժամկետ հատվածում առաջնային պետք է դառնա ուղղակի հարկերի ավելացումը, մասնավորապես նոր ստեղծվող աշխատատեղերի հաշվին ավելի մեծ եկամտային հարկի ծավալների և շահութահարկի ավելացմամբ, ինչն իր հերթին հնարավոր է միայն տնտեսության զարգացման լավատեսական սցենարի պարագայում, սցենար, որը այսօր դեռ չի ուրվագծվում:
Անանյանը նաև մատնացույց է արել այն ոլորտը, որտեղ դեռ պահպանվում է ստվերը: Դա մանր ու միջին բիզնեսն է: Այսինքն՝ ստացվում է՝ խոշորների մոտ արդեն թղթերով ամեն ինչ նորմալ է, օլիգարխներին պատկանող ընկերությունները 100 տոկոսով դուրս են բերվել ստվերից, իսկ այժմ թիրախում հայտնվելու են ՓՄՁ-ը, այն նույն ՓՄՁ-ը, որոնց հարկային բեռը խոստանում էր թեթևացնել վարչապետ Փաշինյանը: Ամենաանպարտաճանաչ տնտեսվարների ցանկում հաջորդը, ըստ Անանյանի, երգիչներն են, որոնց հետ կոշտ գործողություններ են սկսվել հունիս ամսից: Բայց, որպեսզի կոշտ գործողությունները լինեն շատ ավելի հասցեական, ՊԵԿ-ը պատրաստվում է յուրաքանչյուր երգչի վարքագիծը առանձին գնահատել և յուրաքանչյուր երգչին անձնական նամակով հրավիրելու ՊԵԿ՝ քննարկումների:
Իհարկե տրամաբանական հարց է առաջանում, եթե, այսպես ասած, փողի խնդիր չկա, եթե հարկերի հավաքագրման մասով մի բան էլ գերակատարել են պլանը, ապա ինչո՞ւ են շարունակում պրեսինգի տակ պահել նույն ՓՄՁ-ին, վերջիններիս հարկային ամնիստիա, կամ առնվանզ հարկային արձակուրդ: Ինչ վերաբերվում է խոշորներին, ապա անչափ տարակուսելի է, որ վերջիններս կախարդական փայտիկի մեկ հարվածով դարձան այդչափ օրինապաշտ: Կամ վերջիններիս հետ ՊԵԿ-ը որոշակի ստվերային համաձայնություններ ունի, և դրանով է պայմանավորված վերջիններիս ստվերից դուրս գալը, կամ էլ խոշորների հանդեպ շարունակելու է կիրառվել ռեկետի քաղաքականությունը, երևույթ, որին ականատես ենք լինում վերջին ամիսներին: